Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դատապարտում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Սիլվա Ադամյանը։
«Մենք այս միջադեպը բացասական ենք գնահատում։ Մարդը, ով ուղղակի ցանկանում էր մեկ այլ մարդ էակի օգնել հասարակ հաց ու ջրով, նման վերաբերմունքի արժանացավ։ Մենք դատապարտում ենք այդ վերաբերմունքն ու ցավակցում նրա ընկերներին, ընտանիքի անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր իմացել են Արթուր Սարգսյանի քաջ արարքի մասին», - նշել է Ադամյանը։
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ կոմկուսից պատգամավորի մեկ այլ թեկնածու Նաիրա Մարտիրոսյանն իր հերթին ասել է. «Արթուր Սարգսյանի առողջությունն այնքան էլ լավ վիճակում չէր, բայց նա մեծ հոգի ուներ։ Եթե մեր հասարակությունում նման մարդիկ շատ լինեին, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ»։




























