Վիետնամի մայրաքաղաք Հանոյում մեկնարկել է Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի գլխավորությամբ Հանոյ մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ մշակույթի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչներ:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են` հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ վիետնամական կողմից` Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ` Հոանգ Քուոկ Վուոնգը:
Նիստի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, մշակույթի եւ զբոսաշրջության, ինչպես նաեւ այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Քննարկումների արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը եւ ըստ ոլորտների սահմանվել են համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անելիքները:
Այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը առաձնազրույց է ունեցել Հոանգ Քուոկ Վուոնգի հետ, որի ընթացքում քննարկվել են հայկական ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են հայկական ոգելից խմիչքների արտահանմանը։ Հովհաննես Ազիզյանը Վիետնամի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալի հետ քննարկել է նաեւ ԵՏՄ-Վիետնամ Ազատ առեւտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ապրիլին քննարկումներ ծավալել՝ նպատակ ունենալով առաջիկայում ստորագրել ԵՏՄ-Վիետնամ Ազատ առեւտրի համաձայնագրում փոփոխություններ կատարելու համապատասխան արձանագրությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջեւ 2012թ. հուլիսի 8-ին կնքված տնտեսական առեւտրական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով ստեղծվել է Տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով` երկու երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական կապերի խորացման եւ դիվերսիֆիկացման, առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության հարցերը համակարգելու նպատակով:



























