Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:
«Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու եւ շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք: Անուրանալի է Ձեր ավանդը ճարտարագիտության, մեխանիկայի եւ կրթության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն ու ճանաչումն է ստացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գնահատելի է Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ հիմնարար գիտության լավագույն ավանդույթները երիտասարդ սերնդին փոխանցելու առաքելությունը Դուք կատարել եք պատվով եւ մեծ բծախնդրությամբ: Գիտական հետազոտությունների կազմակերպչի տաղանդը լավագույնս բացահայտվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում եւ Երեւանի Պետական համալսարանում Ձեր աշխատելու տարիներին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:
«Մեծ գնահատանքի է արժանի նաեւ Ձեր հասարակական եւ քաղաքական գործունեությունը: Անգամ ամենադժվարին պահին Դուք երբեք չընկրկեցիք եւ հայ մտավորականին վայել արժանապատվությամբ պաշտպանեցիք Հայաստանի ազգային շահերը, հատկապես՝ Արցախի հարցում», - Սերգեյ Համբարձումյանին գրել է Սերժ Սարգսյանը:



























