Յունիբանկը գործարկել է մոբայլ բանկինգ նոր համակարգը` բջջային հեռախոսի միջոցով բանկային հաշիվների կառավարման համար: Ծրագիրն աշխատում է iOS եւ Android օպերացիոն համակարգերի հիման վրա եւ օգտագործման համար շատ պարզ  է եւ հարմար:

«Յունիբանկից» NEWS.am-ին հայտնում են, որ Յունիբանկի մոբայլ բանկինգ ծրագիրը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, վարկի մարումներ, համալրել հաշիվը եւ վճարել ծառայությունների դիմաց, այդ թվում` կատարել կոմունալ վճարումներ: Օգտվելով մոբայլ բանկինգ ծրագրից, հաճախորդը միշտ տեղյակ կլինի իր հաշիվներում առկա դրամական միջոցների շարժից եւ կարող է հետեւել բոլոր գործարքներին: Ծրագրի ներբեռնումը հաճախորդը իրականացնում է ինքնուրույն` App Store-ից  կամ Play Market-ից:

Մոբայլ բանկինգ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 47 մասնաճյուղերից ցանկացածը եւ լրացնել համապատասխան դիմումի ձեւը: Միայն դիտման հնարավորությունը տրամադրվում է անվճար է, իսկ սպասարկման վճարը կազմում է 2 000 ՀՀ դրամ ամսական:

«Մոբայլ բանկինգն անընդհատ մեծացնում է հնարավորությունները եւ ապագայում ձգտում է լիարժեք փոխարինել հաճախորդի կողմից բանկ այցելելը: Յունիբանկը մշտապես համահունչ է քայլել ժամանակի հետ եւ ակտիվ զարգացրել է հեռահար սպասարկման ուղիները` պարզեցնելով բանկային սպասարկման գործընթացը եւ, այդ կերպ, խնայելով իր հաճախորդների ժամանակը: Այսօր մոբայլ բանկինգն անձնական ֆինանսների կառավարման ամենաարագ եւ հարմար տարբերակներից մեկն է: Հետագայում մենք էապես կընդլայնենք համակարգով իրականացվող գործարքների տեսականին եւ կգործարկենք հաճախորդների կողմից առավել մեծ պահանջարկ վայելող ֆունկցիաները», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: