Հայաստանի նախկին փոխվարչապետ եւ պաշտպանության նախկին փոխնախարար, «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության: Այսօր՝ մարտի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նման պահանջով հանդես է եկել դատախազ Գեւորգ Սարգսյանը:
Պաշտպանները դեմ էին դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել բավարարել դատախազի միջնորդությունը եւ նշանակել փորձաքննություն՝ պարզելու համար Վահան Շիրխանյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ:



























