Մի խումբ քաղաքացիներ Երեւանի Ազատության հրապարակում՝ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին «Եռաբլուրում» հուղարկավորելու պահանջով  նստացույց են սկսել: Քաղաքացիների խոսքով, Արթուր Սարգսյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել, եւ արժանի է, որպեսզի նրան հուղարկավորեն «Եռաբլուրում»: (ֆոտոռեպորտաժ)

Նշենք, որ այսօր նույն պահանջով երթ է անցկացվել Երեւանում: Երթի մասնակիցները վաղը ժամը 18:00-ին կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում եւ երթ անցկացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: