Այսօր` նոյեմբերի 12-ին ավարտվել է գարնանը Հրազդանի կիրճում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքը: Մոտ օրերս կսկսվեն նաեւ սալիկապատման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մի քանի օրից ճանապարհը երթեւեկելի կլինի:

Ճանապարհի ու հենապատի փլուզման հետեւանքով կիրճի այդ հատվածում առաջացել էր մոտ 7-8 մետր խորությամբ փոս: Ստեղծվել էր վթարավտանգ իրավիճակ, անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը:

Մայրաքաղաքում այժմ ընթացող կարեւորագույն ծրագրերից է նաեւ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման երկրորդ փուլը, որը Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկել է այս տարի: Ծրագրի շրջանակներում, խճուղում կառուցվում է  տրանսպորտային էստակադա: Այս պահին այստեղ հողային աշխատանքներ են ընթանում։ Փողոցի նիշից մոտ 5 մետր բարձրությամբ էստակադայի տակով Ծիծեռնակաբերդի խճուղին, ըստ նախագծի, գործելու է նույնությամբ:

Ծրագրի իրականացման համար Երեւանի համաքաղաքային բյուջեից 750 մլն դրամ է հատկացվել: