Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանի մայրը նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազին եւ խնդրել իր որդուն արդարացնել եւ քրեական գործում որպես վկա ներգրավել: Այսօր՝ մարտի 21-ին, սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ նամակի մեջ ամբաստանյալի մայրը վարկաբեկել է իր սպանված որդուն՝ նշելով, որ Հայկազը կուրսանտին ոչ վայել վարքագիծ է դրսեւորել եւ քնաբեր դեղեր ընդունել:
«Նա բողոքել է, թե իր որդին անհիմն ձերբակալված է, ազատեն իր որդուն, ուղարկեն առաջնագիծ, եթե պետք էլ լինի՝ թող զոհվի, միայն թե այդ մեղադրանքով չդատվի: Նամակի վերջում էլ իմ որդուն վարկաբեկող սուտ տեղեկություն է տվել: Գրել է, որ Հայկազ Բարսեղյանը կուրսանտին ոչ վայել վարքագիծ է դրսեւորել, դոմինանտ դեղեր է օգտագործել, քնաբեր: Ես ասում եմ, որ Հայկազը ոչ մի դեղամիջոց էլ չի ընդունել, նույնիսկ սենյակի տղաներին հարց եմ տվել՝ Հայկազը դեղեր ընդունելուց եղե՞լ է, անգամ գլխացավի, բոլորը միանշանակ պատասխանել են, որ այդքան ժամանակ ոչ մեկ չի տեսել նրան ինչ-որ դեղ օգտագործելիս: Նույնիսկ նրա ատամը ցավել է, ասել են՝ գնա բուժկետ, դեղ վերցրու, նա հրաժարվել է»,-ասաց Արկադի Բարսեղյանը:
Սպանված կուրսանտի հայրը նշեց, որ հենց Նորիկ Սահակյանն է իր որդուն սպանելուց հետո դեղամիջոցն ու իրենց ձեռքով գրված գրությունը դրել Հայկազի բարձի տակ. «Այդ դեղն ու նամակը, որն իբր, իմ որդին էր գրել, հայտնվում է որդուս բարձի տակ: Պետք է ասեմ, որ հենց Նորիկն է այդ դեղերն ընդունել, նաեւ ոգելից խմիչք խմել եւ նրա մայրն հիմա դրանք վերագրում է Հայկազին: Մայրը լավ գիտի ճշմարտությունը, որ իր տղան մասնակից է սպանության եւ այդ հայտարարույթուններն է անում»:
Արկադի Բարսեղյանը նաեւ նշեց, որ մարտի 20-ին կայացած նիստում ցուցմունք է տվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հովհաննես Պետրոսյանը, որն Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը գտնվել է նույն ննջասենյակում, նա մանրամասն պատմել է, թե ինչպես են 4 ամբաստանյալները՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը սպանել Հայկազին եւ դուրս հանել ննջասենյակից:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կա 25 վկա կուրսանտ:
Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























