Պառլամենտարիզմի ինստիտուտն ու օլիգարխիկ կապիտալը չեն կարող համատեղվել։ Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը։

Ըստ նրա, այն փաստը, որ Հայաստանը չի իրականացնում գնագոյացման պետական վերահսկողություն, չի պայքարում «մակաբուծող կապիտալի» դեմ, և, ամենակարևորը, չի կատարում Սահմանադրության պահանջները, ինչի հետևանքով էլ երկրի խորհրդարանում են հայտնվում օլիգարխները, պատճառ կդառնա, որ 2009 թվականի արդեն երկրորդ կեսին Հայաստանում անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Հակոբյանը նշել է , որ խորհրդարանի գործունեության արդյունքը հավասար է զրոյի և դրա հետևանքով երկրի նախագահը չի կարող հենվել նրա վրա։ «Եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ չլինեն, ապա մենք կդառնանք արտահերթ նախագահական ընտրությունների վկան»,- հայտարարել է Հայաստանի գլխավոր մարքսիստը։ Դավիթ Հակոբյանը հայտարարել է նաև, որ արտահերթ խորհրդարանական, իսկ առավել ևս նախագահական ընտրությունների դեպքում ինքը մտադիր չէ պաշտպանել քաղաքական որևէ ուժի։ «Ես իմ կուսակցությունով կգնամ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների, բավական է մենք սատարենք ուրիշներին, թող հիմա մեզ սատարեն»,- հայտարարել է քաղաքական գործիչը։ Այն կապակցությամբ, թե ինչպես է, ըստ նրա, Հայաստանում իրականացվելու իշխանափոխությունը, Հակոբյանը հայտարարել է. «ամենակարևորը մարտի մեջ մտնելն է, իսկ մնացածը հետո կերևա»։

Դավիթ Հակոբյանը անդրադարձել է նաև իշխանության ու ընդդիմության հակամարտության հարցին՝ նշելով, որ աջակցում է Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն բացասաբար է վերաբերվում նրա շրջապատին։ «Ինչ վերաբերում է նրա մանր-մունր մանկլավիկներին, ապա ես նրանց անտեսում եմ»,- հայտարարել է նա։ Բացի այդ, Հակոբյանն ընդգծել է, որ Հայ ազգային կոնգրեսը ամենևին էլ համազգային ընդդիմություն չէ, այլ ընդդիմություն է, որտեղ կանոնները թելադրում է ՀՀՇ-ն, հենց այդ պատճառով էլ ոչ մի շանս չկա, որ ՀՅԴ-ն կցանկանա միանալ ընդդիմադիր կոնգրեսին։ Խոսելով ավագանու մանդատներից ՀԱԿ-ի հրաժարվելու մասին, Հակոբյանը հայտարարեց, որ «դա մանկամտություն է»։

Մարքսիստի ուշադրությանն արժանացավ նաև համաներման մասին Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ նշելով, որ այդ որոշումը համարում է անհրաժեշտ, սակայն ընդունելի չի համարում դրա անորոշ բնույթը։ Մարքսիստն ավելի բացասաբար արտահայտվեց համաներումը ԵԽԽՎ-ի կողմից հավանության արժանանալու նկատմամբ՝ հայտարարելով, որ «Եվրոպական խորհրդարանին ու եվրոպական մյուս կառույցներին լուրջ վերաբերվելը տհասություն է»։ «Նրանք ընտրությունների ժամանակ մեզ մոտ են ուղարկում ժանգոտած ուղեղներով մի քանի զառամախտով տառապողների, իսկ հետո կրկնում են միևնույն գնահատականները»,- ընդգծել է Դավիթ Հակոբյանը՝ նշելով, որ ԵԽԽՎ բոլոր բանաձևերն ընդունվում են միայն այն ժամանակ, երբ այդ կառույցը Հայաստանի վրա ճնշում գործադրելու կարիքն ունի։