Թող իզուր իրենց չկոտորեն, գյումրեցին այսօր անձի է ընտրում, ոչ թե կուսակցության: NEWS.am-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը, որը 2015թ. փետրվարյան հայտնի դեպքերից հետո դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարոն Գրիգորյան, Դուք կուսակցություն եք փոխել, զգո՞ւմ եք տարբերություն, ինչպիսի՞ն է ժողովրդի վերաբերմունքը:

Ժողովուրդն ինձ երբեք չի ընկալել կամ ընդունել որպես կուսակցական Մարտուն Գրիգորյան, այլ Մարտուն Գրիգորյան, ես էլ ինձ չեմ ընկալել որպես կուսակցական Մարտուն Գրիգորյան: Կուսակցությունն այսօր միջոց է, ոչ թե հավատք, որ հավատաքափոխ ենք եղել, բնականաբար, կուսակցությունն ուզում է, որ իրենց թիմի անդամները լինեն իրենց վկաները, բայց ես այդ մտածելակերպը չունեմ: Կուսակցությունը կազմակերպություն է, որը համախմբում է տարբեր տեսակի, հանարավորությունների տեր մարդկանց, կուսակցության միջոցով մենք փորձում ենք հարցեր լուծել: Այնպես չէ, որ դանավափոխ ես եղել, քանի կուսակցությունն աշխատում է՝ ի շահ ժողովրդի, գնում ես առաջ, երբ զգում ես, որ կապը կտրվում է կամ մի բան քո սրտով չէ,  ամեն մարդ իր ճանապարհով է գնում:

Ես անկուսակցական եմ, նոր ընտրակարգը հնարավորություն չի տալիս առաջադրվել որպես անհատ: Գյումրին այսօր խնդիրներ ունեցող քաղաք է, հետեւաբար, եթե պիտի ընտրվես հենց այնպես, չես կարող, որովհետեւ այսօրվա ժողովուրդը հոգնել է, զզվել է բոլոր տեսակի ստերից, այսօր ժողովուրդն ուզում է, որ մի քայլ անես քաղաքի համար: Այսօր այդ հնարավորությունն ունի իշխանությունն ու իշխանական կուսակցությունը, որի միջոցները կարելի է ծառայեցնել ժողովրդին:

Կարծում եք՝ դա հնարավո՞ր է։

Իմ մոտ ստացվում է անել, պիտի կարողանաս անել տաս, հենց այնպես ոչինչ չի եղել: Ես համագործակցել եմ իշխանության հետ, գումար եմ բերել Գյումրի՝ երկրորդական փողոցները կառուցելու համար, ինձ մոտ ստացվեց, չէ՞, Եթե նույն թիմը պատրաստ էր գումար տալ Մարտուն Գրիգորյանին, ապա պատրաստ էր մեկ ուրիշին տալ, չէ՞: Ինչո՞ւ չի տվել. կամ անձի հետ է կապված եղել, կամ վստահության: Իմ դեպքում խնդիր չկա, բոլորն էլ լավ գիտեն իմ կապը ժողովրդի հետ:

Սահմանադրական բարեփոխումներից հետո բարձրանում է կուսակցության դերը: Ստացվում է, որ նույն գյումրեցին նախ ձայնը պետք է տա կուսակցությանը, հետո միայն թեկնածուին:

Գյումրեցին նախ ձայնը պետք է տա Գրիգորյան Մարտունին։  Իրականությունն այն է, որ Գյումրիում ոչ մի կուսակցություն չեն ընտրում, մարդիկ ընտրում են կոնկրետ թեկնածուին, իրենց պատգամավորին: Գյումրեցին այսօր ոչ թե կուսակցության օգտին է քվեարկելու, այլ Մարտուն Գրիգորյանին: Գյումրեցին, ինչպես եւ նախկինում, ընտրելու է անձին: Այսօր Գյումրիում կուսակցություն, կուսակցական գաղափար չկա, գոյություն չունի, թող իզուր չկոտորեն իրենց, գյումրեցին այսօր անձի է ընդունում, ոչ թե կուսակցության:

Հանրապետականը Շիրակում միշտ պարտվում է: Հնարավո՞ր է՝ ապրիլի 2-ին նախադեպ լինի:

Այս ընթացքում ինչքանով մեզ կհաջողվի մեր ժողովրդի հետ խոսել, բացատրել, գյումրեցին տեսնելու է՝ ինչ է արվել նախկինում: Անձամբ իմ պարագայում գյումրեցին տեսել է՝ ոնց եմ աշխատում քաղաքական ուժերի հետ՝ ի շահ եւ հօգուտ գյումրեցու: Ես այսօր ունեմ այնքան հարգանք, որ ժողովուրդը գիտի՝ երբեք չեմ խաբել, սուտ խոստումներ չեմ տվել, ոչինչ չի փոխվել, նույն սկզբունքով շարունակելու ենք աշխատել:  Մի առավելություն կա. տվյալ կուսակցությունն ունի շատ-շատ հնարավորություններ, որոնք Գյումրիում լավ չեն օգտագործվել, ինչի՞ լավ չեն օգտագործել, անցյալի հետ կապված բան չեմ կարող ասել, բայց որ կարող էին շատ հետաքրքիր օգտագործել, միանշանակ: Թե ինչու այդպես չեն արել, պատասխանատուներից հարցրեք:

Պարոն Գրիգորյան, ի՞նչ հարաբերություններ ունեք մյուս թեկնածուների հետ: Ի սկզբանե, մամուլը գրեց, որ Շիրակում լարված է իրավիճակը, հատկապես Ձեր ու Արման Սահակյանի հարաբերությունները:

Արման Սահակյանի հետ լարված հարաբերություններ չեն եղել, լարված հարաբերությունները եղել են 2012թ. նախընտրական շրջանում, սակայն ընտրությունների հաջորդ օրն Արման Սահակյանը շնորհավորել է ինձ, ես էլ շնորհակալություն եմ հայտնել մրցապայքարի համար, դրանից հետո որպես պատգամավորներ՝ գործընկերներ ենք եղել: Մեր շահերը չեն բախվել:

Այսօր բախվում են, չէ՞:

Այսօր բոլորի շահերն են բախվում թե ներթիմային, թե մյուս թիմերի հետ: Բոլոր թիմերում էլ կա լարվածություն, բայց Շիրակի մարզում նորմալ է, ամեն մեկս մեր աշխատանքն է կատարում եւ գիտակցում ենք, որ թիմային աշխատանք է, մեկի հաջողությունով մեծ հաշվով շատ բան չես կարող անել, ամեն մեկն իր տեղում պետք է հաջողի: