Այս տարվա մարտի 8-ի երկրաշարժի հետեւանքով տունը կորցրած եւ 11 հոգանոց ընտանիքի հետ դեռեւս վրանում ապրող Թուրքիայի Թունջելի նահանգի 74-ամյա բնակիչ Ալի Էրգյունը բնակարանի հարցով գնացել է նահանգապետարան, որտեղ ծեծի է ենթարկվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ծեծի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 74-ամյա ծերունին նշել է, թե ինքը գնացել էր Թունջելիի նահանգապետարան՝ հայտնելու իր մտահոգությունը, որ ձմեռը մոտենում է, սակայն իրենք չեն կարողանում տուն կառուցել իրենց ցածր եկամուտներով։
«Բարձրացա 2-րդ հարկ, պատմեցի իմ խնդիրների մասին, սակայն ինձ հրելով ներքեւ իջեցրեցին, սկսեցին ծեծել եւ գլուխս պատերին հարվածել»,-նշել է տարեց թուրքը՝ շեշտելով , որ իր ծեծին հանգիստ հետեւել են մնացած աշխատակիցները։
Իր հերթին, Թունջելիի նահանգապետը հերքել է ծեծի հետ կապված դեպքը՝ պնդելով, թե այդ ամենը սուտ է եւ ծերունու երեւակայության արդյունք։
Թունջելիի դատախազությունը ընթացք է տվել ծերունու բողոքին եւ ուսումնասիրում է տեղի ունեցածի մանրամասները:





























