Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման խնդիր չի քննարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ բարձր է գնահատում Հարություն Քուշկյանի գործունեությունը առողջապահության նախարարի պաշտոնում»,- նշել է Գալստյանը:

Հարցին, թե այդ դեպքում, ինչու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատեց Առողջապահության նախարարության աշխատանքը` այն անվանելով ամենակոռումպացվածը, Գալստյանն ընդգծեց, որ դա Հարություն Քուշկյանի վատ աշխատանքի վկայություն չէ: «Բոլոր խնդիրները կրում են համակարգային բնույթ»,- նշեց նա, հավելելով, որ այդուհանդերձ, քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Կառավարության կողմից Առողջապահության նախարարությանը քննադատելու մեջ:

«Այդ բոլորը պետք է դիտել նորմալ աշխատանքային հարաբերությունների կոնտեքստում»,- վստահեցրեց Գալստյանը: Նա նաեւ հերքեց լուրերն այն մասին, որ այս օրերին Քուշկյանը գտնվում է Սոչիում, որտեղ սեփական հիվանդանոց է բացում: «Հարություն Քուշկյանը Երեւանում է»,- հայտնեց նա:

Նշենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Առողջապահության նախարարությունն անվանել էր Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը` Կրթության ու գիտության նախարարության հետ միասին: Դրան հաջորդեցին Առողջապահության երկու փոխնախարարների եւ աշխատակազմի ղեկավարի ազատումները: