Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի քննարկել ՀՀԿ անդամներ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ սոցապ ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանի գործունեության հարցը՝ նրանց ղեկավարած գերատեսչություններում հայտնաբերված խախտումների առնչությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ընդհանրապես չի քննարկել նրանց գործունեության կամ հետկանչի հարցերը: «ՀՀԿ-ն իրավունք չունի միջամտել գործադիր իշխանության գործունեությանը, կառավարությունն ինքը պետք է գնահատի իր անդամների աշխատանքը, գնահատականներ տա եւ գործի դրանց համապատասխան»,- նկատել է Շարմազանովը: Խոսելով կոնկրետ Խաչիկյանի մասին՝ Շարմազանովը նկատել է, որ պաշտոնական որեւէ հայտարարություն չի եղել նրա ղեկավարած գերատեսչությունում հայտնաբերված խախտումների մասին, եղել են տեղեկություններ միայն լրատվամիջոցներում:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում խստորեն քննադատել էր կրթության ոլորտը, որպես ամենակոռումպացվածներից մեկը:
Իսկ ըստ հայաստանյան լրատվամիջոցների, Սոցապ ծառայությունում ստուգումների արդյունքներով, ՎՊ-ն լուրջ խախտումներ է արձանագրել, եւ իմանալով դրանց մասին՝ ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է ու նա հրաժարական է ներկայացրել: Հավաստի տեղեկություններով, Խաչիկյանը ներկայումս գտնվում է Մոսկվայում:





























