ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով Կապանում ուրանի հանքավայրերի որոնողական-հետախուզական աշխատանքներն ու շահագործումը կարող են վտանգել Հայաստանն ու Արցախը: Նոյեմբերի 13-ին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` Փոստանջյանը:

«Սյունիքի մարզը ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի համար: Ուրանը եւս ռազմավարական նշանակության հումք է: Եւ սա հաշվի չառնել արտաքին քաղաքականության մեջ ու կառավարության նման որոշումներ կայացնել, այն էլ առանց հանրային քննարկման, նշանակում է վտանգել մեր երկու պետությունների լինել չլինելը»,-նշեց Փոստանջանը` հավելելով, որ  բոլոր միջազգային ֆորումներում Ադրբեջանը հայտարարում է,  թե ինքը խնդիր ունի միավորելու  Հարավային եւ Հյուսիսային Ադրբեջանները, իսկ Նախիջեւանը Լեռնաձոր գյուղից (հենց այստեղ է ընթանում ուրանի որոնողական աշխատանքները) ընդամենը 6 կմ հեռավորության վրա է գտնվում: Բացի այդ, ըստ նրա, Սյունիքը սահմանակից է ԼՂՀ-ին ու Իրանին:

«Ռազմավարական նշանակություն ունեցող տարածքից բնակչությանը հանել`  նշանակում է պետության հիմքերը խարխլել»,-նշեց Փոստանջյանը:

ԱԺ պատգամավորը ողջունում է Կապանի բնակչության ըմբոստությունը ուրանի հանքավայրի շահագործման դեմ:

«Այս պահի դրությամբ նրանք նաեւ դեմ են հետախուզական աշխատանքներին, որովհետեւ այդ աշխատանքներն էլ են վտանգավոր շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար»,-ասաց նա:

Այն , որ մարզի իշխանություններն էլ են զարմանալիորեն կանգնած ժողովրդի կողքին եւ դեմ են արտահայտվում շահագործմանը, Փոստանջյանը բացատրում է նրանով, որ  ժողովրդի եւ մարզի ղեկավարության շահերը համընկել են: Նա նշեց, որ կա Լեռնաձոր, Քաջարան գյուղերի եւ Կապան ու Քաջարան քաղաքների ավագանու որոշումները, որով տեղական իշխանությունները դեմ են արտահայտվում  որոնողական-հետախուզական աշխատանքներին: