Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կխաղա Բոսնիայի հավաքականի հետ։ Մեր հավաքականը այս խաղում անպայմանորեն պայքարելու է հաղթանակի համար, բոսնիացիները եւս։ Նրանք վեց խաղից հետո ունեն 12 միավոր եւ առաջ են շարժվում երկրորդ հորիզոնականով՝ 6 միավորով հետ մնալով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայից։

Միավորների քանակով երրորդ տեղում է Եվրոպայի բրոնզակիր Թուրքիան։ Ֆաթիհ Թերիմի հավաքականը ունի 8 միավոր եւ չորս միավորով հետ է մնացել բոսնիացիներից։

ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ՝ Հարավ Աֆրիկյան հանրապետությունում կայանալիք աշխահի առաջնություն դուրս կգան թիմերը, որոնք խմբային խաղերում գրավել են 1-ին տեղը։ Որակավորման արդյունքում երկրորդ տեղը գրաված հավաքականը ստիպված կլինի լրացուցիչ խաղ անցկացնել այլ խմբի երկրորդ տեղում գտնվող հավաքականի հետ։ Խումբ, որի մեջ հանդես են գալիս նաեւ Հայաստանն ու Թուրքիան, ոչ ոք չի կասկածում, որ Իսպանիան իր համար ուղեգիր կապահովի դեպի Մունդիալ։ Մնում է միայն գուշակել, ով կզբաղեցնի երկրորդ տեղը։

Ներկա պահին բոսնիացիների հնարավորությունները ավելի գերադասելի են, քան Թուրքիայի հավաքականի հնարավորությունները։ Այսօր այդ երկու հավաքականները խաղում են խմբից դուրս մնացածների հետ՝ բոսնիացիները Հայաստանի, իսկ թուրքերը՝ Էստոնիայի։ Երկու մենամարտում էլ հավանական հաղթող են համարվում այն հավաքականները, որոնց միավորում է միեւնույն հավատքը։ էստոնացիները այսօր երկրպագելու են բոսնիացիներին, որպեսզի Հայաստանը իրենց չգերազանցի մրցաշարային աղյուսակում, իսկ Թուրքիայում բոլորովին այլ տրամադրություն է։

Եթե այսօր Հայաստանի հավաքականը կարողանա բոսնիացիներից միավորներ քաղել,ապա բավականին հանկարծակի ու հեքիաթային նվեր կմատուցի Թուրքիային, որի հավաքականը ռիսկի է դիմում դուրս մնալ չորսամյա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունից։ Թուրքիայի հավաքականը վերջին տարիների ընթացքում մասնակցում էր բոլոր խոշոր ֆուտբոլային միջոցառումներին, հատկապես աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Եվ ոչ միայն մասնակցել է, այլեւ մեդալներ է նվաճել։ Այսպիսով,եթե թուրքերը չկարողանան դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ,ապա այդ երկրում այն անպայման կընդունեն, որպես ողբերգություն։

Եթե Հայաստանի հավաքականը այսօր հաղթի Բոսնիային,իսկ հետո, հոկտեմբերի 14-ին Բուրսայում պարտվի Թուրքիային,ապա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին կխոսեն ավելի խանդավառությամբ։

Նշենք, որ հայկական բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատում են 7,6 գործակցով, ոչ-ոքին՝ 4, Բոսնիայի հաղթանակը 1,35 գործակցով։