Քարվաճառում 2016թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը երկու հայ զինծառայողների մահվան գործով նոր զարգացումներ կան:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մահացած զինծառայողներից մեկի՝ Գրիգոր Ավետիսյանի գործով արդեն իսկ նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան: Մյուս զինծառայողի՝ Սուրեն Արամյանի մահվան հանգամանքները դեռ պարզվում են:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Գրիգոր Ավետիսյանի սպանության գործով կա երեք մեղադրյալ: Զորամասի 1-ին մարտկոցի հրամանատար Ռոման Հակոբյանը եւ նույն մարտկոցի 2-րդ հաշվարկի հրամանատար Ֆելիքս Հովհաննիսյանը մեղադրվում են հանցագործությունը թաքցնելու մեջ: Այսպիսով, Հակոբյանն ու Հովհաննիսյանն իմացել են ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Ավետիսյանի կողմից ժամկետային զինծառայող Դավիթ Դումիկյանի պատիվն ու արժանապատվությունը պարբերանար ստորացնելու, նրան ծաղրուծանակի ենթարկելու բազմաթիվ դեպքերի մասին, սակայն դրսևորել են անգործություն եւ չեն զեկուցել վերադասին այդ մասին:
Գրիգոր Ավետիսյանին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել Դավիթ Դումիկյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դումիկյանը համածառայակից Գրիգոր Ավետիսյանի կողմից նախորդ օրն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու, ինչպես նաև իրեն պարբերաբար ծաղրելու պատճառով մոտեցել է իր հետ հերթապահություն իրականացնող Գ.Ավետիսյանին և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով սպանել նրան:
Դումիկյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրա փաստաբան Արթուր Խաչիկյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դեպքի օրը հնչել են փոխադարձ կրակոցներ մի խումբ անձանց կողմից, իսկ իր պաշտպանյալն իրեն ամրակցված զենքից անկանոն կրակոցներ է արձակել, քանի որ ինչ-որ մեկը գոռացել է՝ դիվերսանտներ են մոտենում:
«Իմ պաշտպանյալը վստահաբար սպանություն չի կատարել: Նա անկանոն կրակոցներ է արձակել, միգուցե Գրիգոր Ավետիսյանին կպել է, սակայն դիտավորություն չի ունեցել: Վարկածը, թե հայհոյելու համար է կրակել Գրիգորի վրա, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց փաստաբանը:
Արթուր Խաչիկյանի խոսքով, նախաքննությունը ընթացել է թերացումներով, դեպքի վայրի զննությունը կատարվել է ոչ պատշաճ:
Ի սկզբանե, Դավիթ Դումիկյանը մեղադրվում էր երկու զինծառայողի մահվան մեջ, ավելի ուշ, նախաքննական մարմինը պարզել է, որ Սուրեն Արամյանի սպանության հետ Դումիկյանը որեւէ առնչություն չունի: Հետաքրքրական է, որ երկու զինծառայողը սպանվել են նույն վայրում, բայց գործը քննում են տարբեր քննիչներ: Ավելին, Սուրեն Արամյանի մահվան հանգամանքները դեպքից 1 տարի անց չի հաջողվում պարզել: Վարկած կար նույնիսկ, որ Արամյանի վրա կրակել է Գրիգոր Ավետիսյանը: Այս վարկածը նույնպես հերքվել է նախաքննության ընթացքում: Ի դեպ, ըստ տարածված տեղեկությունների, վիճաբանության պատճառն այն է եղել, որ կողմերը փորձել են «ամրապնդել իրենց դիրքը» զորամասում:
Նշենք, որ այս դեպքից անմիջապես հետո ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տարվում է ծառայողական քննություն:
«Վերջնական որակավորում տալ դեպքին կարելի է տալ միայն քննությունն ավարտելուց հետո: Չի բացառվում, որ միջանձնային հարաբերությունների խախտման հետեւանք է»,¬- ասել էր գնդապետը:
Առստամյանի խոսքով՝ առաջիկայում հստակ կհայտնեն, թե ինչ է տեղի ունեցել Քարվաճառում:
Հիշեցնենք, որ մահացած զինծառայողներն Արտաշատ քաղաքից էին, 19 տարեկան:




























