«Ելք» դաշինքն առաջարկում է եվրոպական մոդելի պետություն ստեղծել՝ հայկական ավանդույթները ներառելով, այսինքն՝ եվրոպական կրթություն, եվրոպական առողջապահական համակարգ: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, Գորիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը:
Գորիսեցիներից մեկի հարցին, թե «Ելքի» առաջարկը ո՞րն է, դո՞ւրս գալ ԵՏՄ-ից, Արամ Սարգսյանը պատասխանեց. «ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրն այսպես է. մենք նախ գնում ենք ասոցացման համաձայնագիրը ստորագրելու, որովհետեւ համարում ենք, որ այստեղ 500 միլիոնանոց շուկա է, Եվրասիական շուկան ավելի փոքր է, և հետո՝ ԵՏՄ շուկայում համ մենք են տուժում, համ ռուսները, համ ղազախները, համ բելառուսները, մեզ ընդամենը մեկ տոկոս են տալիս, որը մենք չենք աշխատել»,-ասաց նա ու հավելեց. «Երբ մենք ԵՏՄ չեինք մտել մեր եւ Ռուսաստանի առեւտրային բալանսն ավելի մեծ էր: Մեզ անիմաստ փող են տալիս, իսկ մենք 12 տոկոս կորցնում ենք: Իրենք էլ են անիմաստ կորցնում»:
Մեկ այլ գորիսեցի էլ «Ելքի» թեկնածու Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց. «Ագիտացիա արեք, որ ժողովրդի ուղեղը փոխվի»։
«Շատ ճիշտ եք ասում էլի, ուղեղը կա, բայց ոնց որ քնածա էլի, պետք է զարթնացնել»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացին շարունակեց. «Թե չէ էն նախկին ուղեղով չեք կարա մեր ռազմական արդյունաբերությունը զարգացնենք»:




























