«Հայ Յեղափոխական Դաշնակցության» տարածքային ցուցակով առաջադրված Բագրատ Եսայանը համակարծիք չէ, թե Հանրապետական կուսակցության համար ձայներ հավաքող՝ դպրոցների տնօրենների արարքի համար պատասխանատուն Կրթության եւ գիտության նախարարությունն է:

Այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը Եսայանն ընդգծել է՝ եթե պատասխանատուն ԿԳՆ-ն լիներ իր ՀՅԴ-ական նախարարի հետ, այդ դպրոցների տնօրենները ձայներ կհավաքեին կամ ցուցակ կկազմեին Դաշնակցության համար:

«Դպրոցների մեծամասնությունն այսօր քաղաքապետարաններին եւ մարզպետարաններին են ենթարկվում: Վարչական լծակները չարաշահելու մասին է խոսքը չէ՞: Կրթության եւ գիտության նախարարությունը վարչական լծակ չունի, որ ստիպի տնօրեններին այս կամ այն կուսակցությանը միանալ: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից կա հստակ հանձնարարական, որ ավագ դպրոցների տնօրենների ձայնագրությունների վերաբերյալ ուսումնասիրություն կատարվի»,- նշել է ՀՅԴ-ական թեկնածուն:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը, սակայն, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանին հիշեցրել է՝ ժամանակին հենց Լեւոն Մկրտչյանի որոշմամբ վարկ վերցրին, որ դպրոցներն ապակենտրոնացնեն:

«Մի վարկային ծրագիր սկսվեց, որ դպրոցը լինի ինքնուրույն, ապակենտրոնացված, սակայն, որի բացակայությունն է այն, ինչ այսօր տեղի է ունենում: Հենց այս պատճառով է, որ կրթությունը ծառայում է իշխող կուսակցությանը, բայց ոչ պետականությանը: Պետական քաղաքականությունը կրթության ոլորտում բոլորովին չի համապատասխանում այն նորմերին, ինչ ունենք պետական փաստաթղթերում: Գրել ենք մի բան, անում ենք բոլորովին այլ բան: Այստեղ գործող նախարարի մեղքն էլ կա: 15 մլն ծախսվեց ապակենտրոնացման համար, բայց այսօր շատ քաղաքականացված են մեր ուսումնական հաստատությունները. Նախագահից ուղիղ իջնում է դպրոցի տնօրենին»,- ասել է Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել էր ձայնագրություններ, թե ինչպես են դպրոցների տնօրենները ձայներ հավաքում իշխող կուսակցության համար: