Ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց պետք է զգան ինչպես տանը: Մարտի 29-ին Արզնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը` պատասխանելով ասորական համայնքի ներկայացուցչի հարցին:
Կարապետյանի խոսքով` կառավարությունում գործում է ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողով: Անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանությունը առաջարկներ կլսի, թե ինչպես բարելավել հանձնաժողովի աշխատանքը: «Մեզ համար գլխավոր է այնպես անել, որ ազգային փոքրամասնությունները պահպանեն իրենց ինքնագիտակցությունը: Հայաստանի ցանկացած քաղաքացի բոլոր հարաբերություններում իրեն պետք է պաշտպանված զգա: Մենք հասկանում ենք, թե սա որքան կարեւոր է, որովհետեւ մեր հայրենակիցներից շատերը ուրիշ երկրներում են բնակվում եւ ձգտում են ընտելանալ նրանց կենսաձեւին»,- նշեց Կարեն Կարապետյանը:




























