Որքանով էլ գազի վճարումը խնդիր լինի, այն չի կարող զրոյական արժեք ունենալ: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Գառնի համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գառնեցիներից մեկի դիտարկմանը, թե գյուղում շատերը ուղղակի գազի փող չունեն, ստիպված անտառն են կտրում, որ տաքանան, եւ խնդրեց գազի գինը նվազեցնել, Կարեն Կարապետյանն արձագանքեց, որ ամեն ապրանք իր գինն ունի. «Գազի գնից մի քիչ հասկանում եմ: Ինչ է ասում գազի մատակարարը. ասում է, ես պետք է խոշոր սպառողին շահագրգռեմ, որովհետեւ ինքը շատ գազ է վերցնում: Երկրորդ խոշոր սպառողը մեծ խողովակի վրա է, փոքր սպառողը՝ նեղ խողովակի վրա է, եւ փոքր սպառողին գազը հասցնելու ծախսն ավելի մեծ է, քան խոշորինը: Երրորդ, մենք խոշոր սպառողին ուզում ենք պայման տալ, որ նա կարողանա զարգանալ, եւ իր աշխատատեղերը ստեղծելով փոքր սպառողին այնպիսի աշխատավարձ տա, որ նրա համար գազի գինը չլինի այսքան կրիտիկական:
Մենք չենք կարող իլյուզիաներով ապրել, մենք չենք կարող պահանջել գազի գինը լինի 0 կամ 5, եթե նրա ինքնարժեքն այդպիսին չի: Պատկերացրեք, դուք բարվոք ապրեիք ու գազի գինը ձեզ վրա չազդեր, դուք ուշադրություն էլ չէիք դարձնի դրան: Այսինքն խնդիրը ոչ թե գազի գինն է, այլ մեր եկամուտը»:
Վարչապետը նկատեց, որ երբ մարդը կահույք է առնում, ընտրում է ըստ իր գրպանի, կամ առնում է, կամ սպասում է՝ փողը շատանա. «Դուք չեք պարտադրում չէ՞, կահույք արտադրողին, թե եղբայր, ես 50 դրամ փող ունեմ, ինձ 50 դրամանոց կահույք տուր: Գնում ես աշխատես, որ գաս առնես: Գազն էլ է նույնը, գազն ունի ծախս, եթե չտանք էդ ծախսը, գազ չի լինելու: Պետք է շատ աշխատենք, որպեսզի գազը, էլեկտրաէներգիան, երեխու դպրոց գնալը, պայուսակը, կնուքն անելը, երեխուն բարձրագույն կրթություն տալը բեռ չլինի մարդու վրա: Մենք պետք է եկամուտը բարձրացնենք, ոչ թե գները իջեցնենք»:




























