ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը ինչպիսի՞ն են տեսնում Հայաստանի զինված ուժերը: Գրեթե բոլոր ուժերի ծրագրերում խոսվում է պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելու անհրաժեշտության մասին: Եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է բանակում ներդնել ՆԱՏՕ-ի չափանիշներ, ապա Կոմկուսը կողմնակից է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցակցության խորացմանը:

 «Ելք» դաշինք

«Ելք» դաշինքը խոստանում է սպաների համար բնակարանաշինության տեմպերը առնվազն եռապատկել, քննարկել վարձված բնակարանների համար սպաներին տրվող փոխհատուցման դրամագլուխը հիփոթեքային նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

«Ելք»-ն առաջարկում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները՝ հատուկ աշխատավարձով:

Դաշինքը խոստանում է ձեւավորել քաղաքացիական-ռեզերվային բանակ, երբ քաղաքացին նախապես տեղեկացված կլինի, թե հնարավոր մոբիլիզացիայի դեպքում ինքը ո՞ւր պետք է ներկայանա, ո՞ր զորամիավորում պետք է զորակոչվի, ո՞վ է իր անմիջական հրամանատարը: Քաղաքացիներին պետք է նաեւ ամրակցվի զենք, որը կպահվի համապատասխան զինկոմիսարիա տում կամ մոտակա զորամասում:

Դաշինքը երաշխավորում է զինվորական պարտականությունների կատարման ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած պայմանագրային զինծառայողների՝ զինված ուժերի համակարգ վերադարձի հնարավորությունը՝ տրամադրելով խելամիտ հարմարեցումներ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

ԱԴԿ-ն խոստանում է ստվերի կրճատման հաշվին կրկնապատկել պաշտպանության ոլորտի ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերը, սահմանային հենակետերն ապահովել հայրենական արտադրության ու ձեռքբերված նորագույն սարքավորումներով, աստիճանական անցնել պրոֆեսիոնալ բանակի:

Կուսակցությունն առաջարկում է հայկական զինված ուժերը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, ուժեղացնել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, բացահայտել ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցած հանցագործություները, անցկացնել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումների ու սխալների բազմակողմանի, համալիր եւ թափանցիկ հետաքննություն:

ԱԴԿ-ն խոստանում է առավելագույնս վերահսկելի դարձնել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը, վերանայել սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգը, վերանայել ՀԱՊԿ շրջանակներում ընդունված մի շարք բազմակողմ պայմանագրեր:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

«Հայկական վերածնունդը» խոստանում է աստիճանական անցում կատարել պրոֆեսիոնալ եւ վարձատրվող բանակի, պետական սահմանը պաշտպանող 18 տարեկան երիտասարդների փոխարինել վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներով:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ-ն խոստանում է շարունակել ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության։

ՀՀԿ-ն կարծում է, որ բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:

ՀՀԿ-ի համոզմամբ, զինված ուժերի կարիքների բավարարմանն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչեւ շինանյութ, սպառազինությունից մինչեւ ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ ստեղծվող նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է:

ՀՀԿ-ն խոստանում է կոռուպցիան արմատախիլ անել զինված ուժերից, եւ բանակի անձնակազմը վերջնականապես ձերբազատել առօրյա սոցիալական խնդիրներից:

 Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Կոմկուսը խոստանում է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի առջեւ խնդիր դնել առավելագույնս ապահովելու բանակին անհրաժեշտ նյութատեխնիկական տեղական ապրանքներով, պետական պատշաճ վերահսկողություն սահմանել գնումների գործընթացի նկատմամբ՝ բացառելով կոռուպցիայի եւ չարաշահումների դրսեւորումները, նախապատվությունը տալով տեղական արտադրանքին:

Կոմկուսը ՀԱՊԿ-ի շրջանակներում կխորացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հետ, իսկ բանակում ժամկետային ծառայության մեջ գտնվողների ընտանիքի կոմունալ վճարումները (էլեկտրաէներգիա, գազ, ջուր եւ այլ) պետության հաշվին կզեղչի 50%-ով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Դաշինքը խոստանում է բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, բարձրացնել նրանց աշխատավարձը՝ սկզբնական շրջանում հասցնելով 240 հազար դրամի, բարձրացնել սպայական եւ ենթասպայական կազմի աշխատավարձը, ապահովել բանակի անհրաժեշտ ու մրցունակ սպառազինության եւ նյութատեխնիկական հագեցածության բարձր աստիճան, հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն հաստատել միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը:

ՕՐՕ դաշինքն առաջարկում է Զինվորական կառավարման ժամանակակից մեթոդների ներդրման միջոցով նվազագույնի հասցնել ոչ կանոնակարգային հարաբերությունների գոյությունը բանակում, ներդնել հստակ մեխանիզմներ՝ ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքի անդամներին ապահովելու ա. արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով, բուժման եւ առողջության վերականգնման խնդիրների լուծմամբ:

Դաշինքը խոստանում է ավարտին հասցնել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի արդար վերանայման գործընթացը:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

ՀՅԴ-ն խոստանում է «ազգ-բանակ» հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը, խրախուսել պրոֆեսիոնալ-կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը. պարտադիր զինվորական ծառայության զորակոչված երիտասարդ զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը, սպաների ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը համապատասխանեցնել արժանավայել ապրուստի պահանջներին. սպան ու զինվորը, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում, չպետք է նյութական նեղություն զգան:

Հատկանշական է, որ բանակի եւ պաշտպանական ոլորտի վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակներում որեւէ դրույթ չկա: