Եթե ժողովուրդը մեզ տա ձայն, որը պարզվի, որ իշխանությունները գողացել են, կլինի հետընտրական գործընթաց եւ իշխանափոխություն: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ դեպքում է ինքը կանխատեսում հետընտրական զարգացումներ:

«Քաղաքացիների հետ հանդիպմանն այս թեմայով շատ եմ զրուցել: Մարդիկ ինձ անկեղծ ասել են, որ ընտրակաշառք կվերցնեն, կքվեարկեն այդ ուժի օգտին, իսկ հետո կգան Ազատության հրապարակ՝ մեզ հետ իշխանափոխություն անելու: Ես նրանց ասել եմ՝ այսպես չի կարող լինել: Եթե ընտրություններից հետո պարզվի, որ ժողովուրդը մեզ մանդատ է տվել, բայց այն գողացվել է, կլինի հետընտրական պրոցես եւ մենք իշխանափոխություն կանենք, հակառակ դեպքում մենք դա չենք անի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, քաղաքացիները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն եւ հասկանան, որ ընտրում են իրենց վաղվա օրվա համար. «Եթե ընտրում եք ձեր քուչի հեղինակությանը, մենք հաշիվ ու պահանջ չունենք իրարից»:

Հարցին՝ ում հետ է «Ելք»-ը պատրաստ կոալիցիա կազմել, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենց վերլուծաբանների կանխատեսումներով խորհրդարան են անցնելու երեք քաղաքական ուժ՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքները. «Հանրապետականն ու «Ծառուկյան» դաշինքը միանշանակ համագործակցելու են, թե ինչ ձեւաչափով այն կլինի, չեմ կարող ասել, կարող է՝ անունը կոալիցիա չդնեն, այլ ազգային համաձայնություն: Մեր կանխատեսման մեջ ես 95 տոկոս համոզված եմ»: