Ղարաբաղյան հարցի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրեսը» կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի հետ: Այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Արցախի հարցը հնարավոր չէ լուծել առանց տարածքներ հանձնելու:
«Մադրիդյան սկզբունքներից են այսօր խոսում, բայց այդ սկզբունքներից երկուսն Ադրբեջանն արհամարհում է: Ադրբեջանն ասում է, որ պետք է թեյ խմի Ստեփանակերտում, Սեւանում: Այս պայմաններում տարածքների վերադարձ նշանակում է Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երեւանին, Սեւանին: Ես դեռ անցած տարվա ամռանն եմ Խորենացի փողոցում ասել, որ Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ը կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա;
Լրագրողների դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ միշտ նույնն է եղել, նաեւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն էլ էր նրա համակիրներից, նա արձագանքել է. «Համաժողովրդական շարժումը կազմված է եղել 18 քաղաքական ուժերից, դրանցից միայն երկուսն են այսօր պաշտպանում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը: 2008-2012թթ. Տեր-Պետրոսյանը երբեք չի հայտնել այդ դիրքորոշումը, կարող է միշտ եղել է այդ դիրքորոշման, բայց այդ ժամանակահատվածում այդ մասին չի բարձրաձայնել»:




























