Լեւոն Տեր-Պետրոսյանը երեւի թե մանկուց վախեցած է եղել, որովհետեւ 26 տարի է՝ վախեցնում է, թե չանեք, գալու են՝ ձեզ ուտեն: Այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Հայ Յեղափոխական Դաշնակցության» տարածքային ցուցակով առաջադրված Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ եթե ՀՅԴ-ն գա իշխանության, ՄԱԿ-ից Արմեն Ռուստամյանին եւ Աղվան Վարդանյանին կանչելու են եւ ասեն, թե որը որից հետո է:
«Նման բան չկա, 1991թ.-ից Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ինքը կողմ է ցանկացած փաստաթղթի ստորագրման հող հանձնելու ձեւով: 1997թ.-ին երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ հաջորդ փաստաթուղթն ավելի վատն է լինելու, կյանքը ցույց տվեց, որ հաջորդ փաստաթուղթն ավելի լավը կարող է լինել: Այնպես չէ, որ Ղարաբաղի հարցի չլուծման պատճառով կա արտագաղթ, տնտեսությունը չի զարգանում, նման բան չկա: Մեր տնտեսությունը 7-8 տարի զարգացել է Ղարաբաղի հարցի չլուծման պայմաններում էլ: Այնպես որ, փորձել միջազգային բոբոյով վախեցնել, թե կգան, մեզ կուտեն, սխալ է, այդպես չէ»,- ասել է նա:
ՀՅԴ-ական թեկնածուն նշեց, որ Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը պետք է լինի Արցախի ու Հայաստանի միավորումը, իսկ որպես միջանկյալ լուծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է: Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հարցի կարգավորումը տեսնում է տարածքներ հանձնելով:




























