Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ոչ օբյեկտիվ պատճառով չհայտնվեց ԱԺ-ում 2003-ին, 2007-ին եւ 2012-ին, եւ դա  չի չընկճել Կոմունիստական կուսակցությանը։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կոմկուսի առաջնորդ, համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանը։

«Ունենք այն, ինչ ունենք։ Տարբեր առիթներով ընդգծել ենք, որ կուսակցությունը ոչ օբյեկտիվ պատճառով չհայտնվեց ԱԺ-ում 2003-ին, 2007-ին եւ 2012-ին, եւ դա մեզ չընկճեց, որովհետեւ մենք գիտենք մեր կարողությունը։ 2012-ից հետո էլ մոբիլիզացրինք մեր ուժերը, որպեսզի մասնակցենք խորհրդարանական ընտրություններին եւ անցնենք Ազգային ժողով։ Նաեւ այն կարծիքին ենք, որ չնայած 70 տարի Խորհրդային Հայաստանը ղեկավարելուց հետո ղեկավար դերի մեջ չէ կուսակցությունը, սակայն քանի որ 70 տարի մարդն ապրել է ըստ պահանջի, Կոմկուսին մոռացած չի լինի։ Դա փաստվեց ժողովրդի հետ հանդիպման ժամանակ»,-ասաց Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքով, դաշինք կազմելու առաջարկ եւս եղել է քաղաքական ուժերի կողմից, սակայն իրենք մերժել են, որովհետեւ իրենց գաղափարախոսությունը տարբեր է։

«Խորհրդային իշխանության տարիներին ՀՆԱ-ի 68%-ը տալիս էր արդյունաբերությունը, նման եկամուտները բավարարում էին։ Եթե դուք քայլեք Երեւանի փողոցներում, այդքան թալանելուց հետո դեռեւս կան կանգուն շինություններ, պետությունը պարտավոր է դրանք հետ վերցնել օրենքով եւ դարձնել արտադրամասեր։ Մենք պարտավոր ենք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, Ադրբեջանի ցանկությունն անցել է, Ղարաբաղն անկախ է, մենք պարտավոր ենք Ադրբեջանի հետ եւս հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների»,–ասել է Կոմկուսի առաջնորդը։