«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Ազգային ժողով անցնելու հնարավորություններն ավելի քիչ են, քան «Հայկական վերածնունդ»-ի կամ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հնարավորությունները։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինտիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերից որոնք խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն ՝ նա նշել է, որ առնվազն 3 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքներն ամեն դեպքում կհայտնվեն Ազգային ժողովում

«Տվյալ պահին ինձ համար գլխավոր ինտրիգն այն է, թե քանի ձայն կհավաքի «Ծառուկյան» դաշինքը, քանի որ կախված այն բանից՝ արդյոք նա 20-25 տոկոս կհավաքի, այլ իրադրություն կլինի, իսկ եթե շատ՝ բոլորովին այլ», - նշել է Միանսյանը։

Ըստ քաղաքագետի՝ «Ելք» դաշինքին հաջողվել է ոչ միայն ընդդիմություն-իշխանություն խաղալ, այլեւ նոր ընդդիմություն ստեղծել, որն իրենից երիտասարդ ուժ է ներկայացնում, փոփոխությունների խորհրդանիշ։

«Խորհրդարանում մյուս իշխանությունների ներկայությունը կախված է նրանից, թե քանի ձայն կհավաքի «Ծառուկյան» դաշինքը։ Կարծում եմ, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համար բարդ կլինի հավաքել անհրաժեշտ ձայների քանակը, քան ՀՅԴ-ն եւ նույնիսկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը», - ընդգծել է Սերգեյ Մինասյանը։

 Համաձայն քաղաքագետի՝ Հայաստանի կոմկուսը հաստատ խորհրդարան չի անցնի։ ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հնարավորություններն ավելի քիչ են, քան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը կամ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքինը»,-հավելել է փորձագետը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սույն թվականի ապրիլի 2-ին։