Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է անում օրենքի խախտմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ, մասնվորապես, ասվում է.

«Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաեւ թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության երկրորդ հարկում:

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հիշյալ տարածքը փաստացի օգտագործվում է որպես շտաբ եւ որպես այդպիսին այն կարող է օգտագործվել նաեւ քվեարկության օրը՝ ազդեցություն ունենալով Հանձնաժողովի աշխատանքների վրա:

Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը, համաձայն որի՝ ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել նաեւ այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները, եւ մտահոգություն հայտնելով, որ դա կարող է վտանգել թիվ 12 տարածքային հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այսօր դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մատնանշված տեղեկությունները ճշտելու եւ խախտումները վերացնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու առաջարկով»: