Գագիկ Ծռուկյանի խոստացած 15 մլրդ դոլարի ներդրումները ոչ թե պարզապես կուղղվեն Հայաստանի բյուջեի պակասուրդը լրացնելուն, այլ դրանք ըստ ոլորտների թիրախային ներդրումներ կլինեն`«Ծառուկյան» դաշինքի ծրագրի իրականացման նպատակներով: Մարտի 30-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով` ներդրումները երկիր են հոսում այն ժամանակ, երբ վստահություն կա: «Ինչո՞ւ հիմա Հայաստան ներդրումներ չեն բերվում: Որովհետեւ վստահություն չկա, թե վաղը այդ բիզնեսի անվտանգությունն ու շահութաբերությունն ինչպիսին կլինեն: Ծառուկյանը հստակ ասել է, որ պոտենցիալ ներդրումների ուղերձն ու խոստումները հիմնված են նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքին ժողովրդի աջակցության վրա»,- նշեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընտրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Վերջին 5 օրերին ինձ զանգահարում են իմ գործընկերները, չնայած ես իրենց չեմ դիմել: Նրանք ասում են, որ պատրաստ են Հայաստանում 15 մլրդ դոլար ներդնել, եթե մենք հաղթենք»: