Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, մարտի 30-ին, քննարկվում է «Ելք» դաշինքի ներկայացրած դիմումը՝ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու մասին։
Ներկայացնելով դիմումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ըստ դիմումի « նախընտրական քարոզչության ընթացքում դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները օգտագործել են դպրոցների ու մանկապարտեզների գույքը, օգտվել են այն փաստից, որ ուսանողները ու ծնողները կախման մեջ են տնօրեններից»։ «Խախտվել են նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները։ Խախտումները միանգամայն զգալի են, քանի որ ներառել են հանրապետության ամբողջ տարածքը, ունեցել են կազմակերպված ու զանգվածային բնույթ»,- կարդացել է դիմումը Տիգրան Մուկուչյանը, հավելելով, որ դիմումի պահանջը հետեւյալն է՝ դիմել դատարան ՀՀԿ-ի գրանցումը գալիք խորհրդարանական ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու համար։
Քննարկման ընթացքում «Ելք»-ից պատգամավորության թեկնածու, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ հետեւյալ լրացումներն անել դիմումի պահանջի մեջ․ «Դիմել դատարան ՀՀԿ-ի գրանցումը գալիք խորհրդարանական ընտրություններում ուժը կորցրած ճանաչելու համար կամ էլ ուժը կորցրած ճանաչել պատգամավորության այն թեկնածուների գրանցումը, որոնց համար կազմվել են ցուցակներ, օրինակ Միհրան Պողոսյանի, Արտակ Սարգսյանի եւ ՀՀԿ –ից մնացած թեկնածուների, որոնց անունները նշված են դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ ձայնագրություններում»։
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններին դիտոդական առաքելություն է իրականացնելու, արձանագրել է իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի գործածման բազմաթիվ դեպքեր, մասնավորապես ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ կազմել էին ընտրողների ցուցակներ հօգուտ ՀՀԿ-ի։




























