Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցում են նաեւ կանայք, Ընտրական օրենսգիրքը պարտադրում է, որ ցուցակի առնվազն 25 տոկոսը կանայք լինեն:
2016 թվականի մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքի 83 հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: Այսինքն ամեն քառյակում պետք է առնվազն մեկ կնոջ անուն լինի:
Ընտրություններին մասնակցող 5 կուսակցություններն ու դաշինքները ժլատություն չէր արել, ցուցակներում կանանց թիվն ավելին է 25 տոկոսից:
«Ելք» դաշինքի 121 հոգանոց ցուցակում կանայք 40-ն են, կամ ընդհանուր թվի 33 տոկոսը: Նրանցից 36-ը առաջադրվել են նաեւ տարածքային ընտրական ցուցակներով:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում կանանց տեսակարար կշիռն ավելի բարձր է, 101 թեկնածուներից 38-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են, որոնցից 33-ն առաջադրվել են նաեւ տարածքային ընտրացուցակներով:
«Հայկական վերածնունդ» կուսակցության 300 հոգանոց ցուցակում կանանց հատկացվե է 29,6 տոկոսը: 89 կանանցից 47-ն առաջադրվել են նաեւ տարածքային ընտրացուցակներով:
«Ծառուկյան դաշինք»-ում կանանց թիվը 53 է: Կանայք 187 հոգանոց ցուցակում զբաղեցնում են 28,3 տոկոսը: 38 կին առաջադրվել է տարածքային ընտրացուցակներով:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 139 հոգանոց ցուցակ, որտեղ 45-ը կամ 32,3 տոկոսը կին են: Նրանցից 43-ի անունները կան նաեւ տարածքային ընտրական ցուցակներում:
Հայաստանի հանրապետական կուսակցության 197 հոգանոց ցուցակում կանայք 58-ն են (29,4 տոկոս): 40-ն առաջադրվել են տարածքային ընտրացուցակներով:
Կանանց տոկոսային թիվն ամենաքիչը կոմունիստական կուսակցության ցուցակում է, 173 թեկնածուներից միայն 44-ն են կին (25,4 տոկոս): Տարածքային ընտրացուցակներով առաջադրվել է նրանցից 41-ը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 148 թեկնածուներ կին են 40-ը (27 տոկոս), 36-ն առաջադրվել են տարածքային ցուցակներով:
Հայ հեղափոխական դաշնակցությունն իր 171 հոգանոց ցուցակում կանանց հատկացրել է 48 տեղ (28 տոկոս): Նրանցից 42-ն առաջադրվել են տարածքային ցուցակներով:


























