Առաջիկա խորհրդարանական ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները երաշխավորված թվով ներկայացուցիչներ կունենան Ազգային Ժողովում:

Նոր ընդունված Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Այդ մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդիներ 35.308 մարդ, ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, եւ քրդեր՝ 2.162:

Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներից երկուսը, եւ 5 կուսակցություններից երեքը ընդհանրապես չեն ներկայացրել ազգային փոքրամասնությունների ցուցակներ: Մասնավորապես ազգային փոքրամասնունների ներկայացուցիչներ չկան «Ելք» դաշինքում, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն կուսակցություններում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում երեք թեկնածուի անուն է՝ եզդի Շամո Բաքոյանի, ռուս Օլեգ Մորոզովի եւ ասորի Կոնստանտին Իվանովի անունները: Ցուցակում քուրդ թեկնածու չկա:

Քուրդ թեկնածու չի ներկայացրել նաեւ «Ծառուկյան» դաշինքը, փոխարենը ընդգրկել է եզդի Սայիդ Ավդալյանին, ռուս Տատյանա Միքայելյանին եւ ասորի Արմեն Բաբաեւին: 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայացուցիչներ ունի ազգային չորս  փոքրամասնություններից, առաջադրել է եզդի Աշոտ Շավեշյանի, ռուսներ Գայանե Մալիշչենկոյի եւ Նարինե Կուրբետի, ասորի Արտյոմ Սարգիզովի եւ քուրդ Ռոման Ահմեդովի թեկնածությունները:

Ազգային փոքրամասնություններից թեկնածուների թվով առաջատարը իշխող հանրապետական կուսակցությունն է, որը ամենամեծ չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրից չորսական թեկնածու է առաջադրել: Մասնավորապես, եզդիական համայնքից առաջադրվել են  Ռուստամ Մախմուդյանը, Ռզգան Շամոյանը, Խդր Հաջոյանը, Ամո Շարոյանը: Ռուսական համայնքից առաջադրվել են Յուրի Յակովենկոն,  Ելենա Վալեյկոն, Արթուր Ռուդոմետկինը եւ Ալեքսանդր Լեդյայեւը: Ասորիներից ՀՀԿ համամասնական ընտրացուցակում են Արսեն Միխայլովը, Իրինա Գասպարյանը, Ալբերտ Յակուբովը, Բենյամին Ավդիշյանը:

Քրդական համայնքից թեկնածուները եւս չորսն են՝ Կնյազ Հասանովը, Վաքիլ Ամիրյանը, Լիաննա Մհոյանը եւ Տիտալ Համեյանը: