Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստանձնել է ՀՀԿ-ի պաշտպանությունը։ Այս մասին մարտի 30-ին հայտնել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ մեկուկես ժամ դադարից հետո վերսկսված ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ։

Նշենք, որ ԿԸՀ նիստի ընթացքում քննարկվում է «Ելք» դաշինքի դիմումը՝ խորհրդարանական ընտրություններում  ՀՀ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների բացատրությունները ուսումնասիրելուց հետո Արտակ Զեյնալյանը հայտնել է «Հեռախոսազանգերն արվել են աշխատանքային ժամերի։ Տնօրենների մեծ մասը ՀՀԿ անդամներ են։ Փաստերը վկայում են նաեւ, որ նրանք միացել են ՀՀԿ-ին վերջին 6 ամիսներին։ Դա խոսում է խախտումների զանգվածային բնույթի մասին»

Այդ գործընթացում, ըստ իրավապաշտպանի, ներառված են նաեւ մարզպետները, քաղաքապետարանները, մարզպետարանները, ընտրական շտաբները։

«Ելք» դաշինքից պատգամավորության մեկ այլ թեկնածու, փաաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ իր հերթին նշել է, որ տնօրենների բացատրություններում ստորագրությունն ու բովանդակությունը չեն համապատասպանում իրար։ «Բացատրություններում նշված չէ նաեւ ամսաթիվը ։ Ինչպե՞ս կարող են մարդիկ, որոնք տարբեր տեղերում են գտնվել, գրել նույն տեքստը։ Բառացի գրված է «Մենք կդիմենք դատարան»։ Դուք նույնպես պետք է ընդունեք, որ դա անհնար է»,- շեշտել է Նիկոլայ Բաղդասարյանը՝ եւս մեկ անգամ նշելով, որ բացատրությունների ու ձայնագրությունների բովանդակությունն իրար չի համապատասխանում։

Փաստաբանը խնդրել է դիմումի քննարկումը հետաձգել մինչեւ մարտի 31, առավոտյան ժամը 10-ը, որպեսզի իրենք հնարավորություն ունենան մանրակրկիտ ծանոթանալ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների բացատրություններին։ «Փաստաթղթերը ներկայացված են մեծ ծավալով, դրանք ուսումնասիրելը ֆիզիկապես անհնար է»,- պարզաբանել է Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա երկու միջնորդություն է ներկայացրել՝ 114 կամ գոնե 5 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հրավիրել բացատրություններ տալու համար ու նիստը հետաձգել մինչեւ վաղը։ Երկու միջնորդությունն էլ ԿԸՀ-ն քվեարկության միջոցով մերժել է։

Տիգրան Մուկուչյանը որոշել է ԿԸՀ արտահերթ նիստը հետաձգել եւս մեկուկես ժամով՝ մինչեւ 00։30-ը։