Հայաստանի ԿԸՀ-ն արտահերթի նիստի ժամանակ, որը սկսվել է մարտի 30-ի երեկոյան ու ավարտվել լույս 31-ի գիշերը, մերժել է վարչական վարույթ բացելու ու ՀՀԿ գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու պահանջները, որոնք պարունակվում էին «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանի ու Արտակ Զեյնալյանի, նաեւ «Ելք» դաշինքի անունից ԿԸՀ-ին ներկայացված դիմումները։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայացնելով որոշումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մասնավորապես, նշել էր․ «Կուսակցության ընտրական ցուցակի կամ այդ ցուցակում ընգրկված պատգամավորության թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմումը կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը։ Քննարկվող դիմումը ներկայացրել են «Ելք» դաշինքն ու պատգամավորության թեկնածուներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Զեյնալյանը։ Պատգամավորության թեկնածուները, որոնք ընդգրկված են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում, իրավազոր սուբյեկտ չեն նշված հարցով դիմում ներկայացնելու համար»։

Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների խոսակցությունների ձայնագրությունները, նաեւ ներկայացված մյուս փաստացի հանգամանքներն ուսումնասիրելու միջոցով, շարունակել է Մուկուչյանը, պարզվել է, որ տնօրենների մի մասը ներառված է եղել ՀՀԿ կազմակերպչական աշխատանքներում։ «Դա նախընտրական քարոզչություն չէ։ Ավելին, ձայնագրությունները նույնպես չեն կարող դիտարկվել որպես նախընտրական քարոզչության կանոնների խախտում։ Չնայած հեռախոսազանգերն արվել են աշխատանքային ժամերին, հաստատված չէ այն փաստը, որ տնօրենները զբաղվել են դրանով իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում։ Չկան նաեւ ապացույցներ, որ ցուցակները կազմվել են նրանց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում։ Ցուցակների կազմումը նախընտրական քարոզչություն չէ, իսկ ինչ վերաբերում է դպրոցների կամ մանկապարտեզների ունեցվածքի գործածմանը, որպես հասարակական ռեսուրսի չարաշահման օրինակ, ապա այս հարցում բավականաչափ ապացուցողական բազա ներկայացված չէ»,- շեշտել է Տիգրան Մուկուչյանը։

Դատարան դիմելու համար, հավելել է ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ է խախտման առկայությունը կամ խախտման հետեւանքները վերացնելու անհնարությունը։ «Իսկ նման ապացույցներ ներկա վարույթի ժամանակ չեն ներկայացվել»,- նշել է Մուկուչյանը։

Հետեւաբար, ԿԸՀ-ն որոշել է մերժել Նիկոյալ Բաղդասարյանի ու Արտակ Զեյնալյանի դիմումի մեջ պարունակվող պահանջը՝ վարչական վարույթ բացելու մասին, նաեւ «Ելք» դաշինքի դիմումում պարունակվող պահանջը՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով դատարան դիմելու մասին։

Ըստ ԿԸՀ որոշման՝ Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում ուսուցչի ու տնօրենի զրույցի ձայնագրության բովանդակության վերաբերյալ հարցը ԿԸՀ իրավազորության շրջանակից դուրս է գտնվում։ Հետեւաբար տվյալ ձայնագրությունը կուղարկվի Գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որը իրականացնելու է դիտորդական առաքելություն ընտրություններում, գրանցել է վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր՝ հօգուտ իշխանությունների, մասնավորապես ավելի քան 100 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները կազմել են ընտրողների հատուկ ցուցակներ՝ հօգուտ իշխանությունների։