Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկները կարելի է դրական գնահատել ազատ կարծիքի եւ հայ հանրության հանդուրժողականության ցուցադրման տեսակետից: Նաեւ, որ միջնորդները հասկանան, որ Հայաստանն իրականում ամեն ինչ անում է խաղաղության հասնելու համար, եւ երբեք ագրեսոր չի եղել: Բայց բովանդակության տեսակետից առաջին նախագահի առաջարկները կործանարար են: Մարտի 31-ին` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ կուսակցությունից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեթե նույն թեզերն է հնչեցրել, որը Ադրբեջանի ղեկավարությունը հնչեցնում է իր քարոզչության մեջ: «Հայաստանում քաղաքական ուժ կա, որը դարձել է Ադրբեջանի թեզերի քարոզիչը: Որովհետեւ այն, ինչ նրանք ասում են, կարելի է լսել պաշտոնական Բաքվի շուրթերից: Եվ սա Հայաստանում հանդուրժվում է, եւ սա նորմալ է, եւ մեզ հնարավորություն է տալիս նաեւ մեր փաստարկները ներկայացնել: Բայց պատկերացրեք, եթե նման բան լիներ Ադրբեջանի ընտրություններում, եւ ինչ-որ քաղաքական ուժ իր ծրագրում ընդգրկեր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Կարծում եմ, որ այդ ուժի ներկայացուցիչները, եթե ողջ մնային, բանտերում կհայտնվեին: Իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, դա կործանարար առաջարկ է` հաշվի առնելով, թե ով է մեր հարեւանը, որի հետ ցանկանում ենք խաղաղության հասնել»,- նշեց Ռուստամյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը ձգտում է օր առաջ Հայաստանի բնաջնջմանը եւ այս ոգով է դաստիարակում իր երիտասարդ սերունդին, եւ չի պատրաստվում ոչ մի զիջման գնալու: «Ադրբեջանի կողմից ամենաբարձր զիջումը Ղարաբաղի ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Դաշնակցության ներկայացուցչի կարծիքով` մինչեւ նման տեսակետ հնչեցնելը Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հաշվի առներ նաեւ հայ Ժողովրդի կարծիքը, բայց նա դա չի անում: «1991 թվականից Ղարաբաղի ժողովուրդը բարձրաձայնում է, թե ինչպես է պատկերացնում այս հարցի լուծումը, եւ դա գրանցված է երեք հանրաքվեների արդյունքներում: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կյանքի նպատակն է դարձրել մեզ միանգամայն  այլ հայեցակարգի պարտադրումը, որը ոչ մի կերպ չի համադրվում Ղարաբաղի ժողովրդի պատկերացումներին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Պատասխանելով այն հարցին, թե առաջին նախագահի խոսքով` ինքն ընդամենը ներկայացնում է այն պայմանագրի թեզերը, որոնց շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի գործող իշխանությունը, որի կազմում է նաեւ ՀՅԴ-ն, Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը նման դիրքորոշում ունի, ապա ինչո՞ւ է ելույթ ունենում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ որում` իրեն ընդդիմադիր հռչակելով եւ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չլուծված բոլոր խնդիրները ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետեւանք են, ինչը նշանակում է, որ նա արդարացնում է ցանկացած իշխանության գործողությունները, որի օրոք այս բոլոր խնդիրները կպահպանվեն: «Նշանակում է` նա ստում է, որ գործող իշխանությանն աջակցում է միայն այս հարցում, նրան աջակցում է բոլոր հարցերում: Հարց է ծագում` ինչո՞ւ նա այս առաջարկները հրապարակեց: Իմ խորին համոզմամբ` ցույց տալու համար, որ ինքն ամենահմուտ կառավարիչն է, եւ որ իր անունը մեր պատմության տարեգրությունում ոսկե տառերով գրի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Դաշնակցության «ոչ մի թիզ հող» հայեցակարգին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ եթե Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ զիջման գնալ, ապա հայկական կողմից էլ որեւէ զիջում չի կարող լինել: «Քո պատասխանը պետք է ադեկվատ լինի, եւ զիջումները պետք է միաժամանակյա եւ համարժեք լինեն: Եթե դա բացակայում է, ապա դրանք փոխզիջումներ չեն, այլ միակողմանի զիջումներ, սա պարտվողականություն է: Բայց պատերազմում հանձնվելը նույնպես քայլ է, որը խաղաղության է տանում, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է հանձնվել, որ այս պատերազմն ավարտվի»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, որ հարցը Մադրիդյան սկզբունքներին է վերաբերում, որոնց շուրջ են հիմա բանակցություններն ընթանում, Արմեն Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը ըստ դրանց է բանակցություններ վարում, քանի որ ավելի լավ է բանակցություններին մասնակցել, եւ դրանց տապալման համար Հայաստանը չպետք է մեղավոր համարվի: «Մադրիդյան սկզբունքներով բանակցային գործընթացում շատ կարեւոր պահ կա, որի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը չի խոսում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը չկար 1997 թվականի փուլային առաջարկում, որին համաձայնվել էր առաջին նախագահը: Տարածքներ կարգավիճակի դիմաց թեզը նախ կարգավիճակ է նախատեսում, հետո տարածքներ: Այլ ոչ թե հակառակը: Նույն բանը շատ հստակ ասում է Սերժ Սարգսյանը: Խոսել ինչ-որ փոխզիջման մասին անիմաստ է, եթե Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել»,- ասաց նա` հավելելով, որ Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնվի, եւ այս պատճառով հարվածն ուղղվում է Ադրբեջանին: «Սա մարտավարական խնդիր է, որը լուծվում է: Նույն բանը կար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Նրա շրջապատը հանդուրժողությամբ էր վերաբերվում որոշմանը, որը Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարություն էր նախատեսում, քանի որ կարծում էր, որ մարտավարական խնդիր է լուծվում, դա մանեւրում է: Բայց երբ սեղանին դրվեց ստորագրելու փաստաթուղթը, Հայաստանի Անվտանգության խորհուրդը հրաժարվեց այդ փաստաթղթից»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ եթե Ադրբեջանը համաձայնվի Ղարաբաղը ճանաչել, եւ գործընթացը տեղից շարժվի, ապա տարածքային  հարցերի քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին  հավասար իրավունք ունի բարձրացնելու նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի այն տարածքների հարցը, որոնք պատերազմից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: