Իշխանության կուսակցությունը ոչ մի ծրագիր չունի, միայն բարի ցանկություններ են: Մարտի 31-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկիավար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

«Ամբողջ ծրագրում առնվազն թվեր են: Մեկը` տարեկան տնկել մոտ 100 հեկտար ինտենսիվ այգիներ: Երկրորդ` անասնասպանդը թույլատրված սպանդանոցներում հասցնել տարեկան 65 տոկոսի: Եվ վերջ: Այլեւս ոչ մի բան: Մնացած ամեն ինչը բարի ցանկություններ են: Մի՞թե հնարավոր է այսպիսի ծրագիրը չկատարել: Իհարկե, կկատարեն»,- հայտարարեց Բագրատյանը:

Մյուս կուսակցությունները փորձել են գոնե ինչ-որ թիրախային ցուցանիշներ ներկայացնել: Օրինակ` «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է հարկային պարտքերի մինչեւ 60 մլրդ-ի համաներում: Տարեկան 3 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսին անհրաժեշտ է մինչեւ 5 տարով հարկերից ազատել:

«Շատ ցանկություններ վիճելի են: Բայց գոնե ինչ-որ բան առաջարկում են: Գոնե ինչ-որ ցուցանիշներ են նշում: Իսկ իշխանությունները ոչ մի բան չեն նշում»,- հայտարարեց նա: