Հայ-թուրքական սահմանի բացումը լիովին համապատասխանում է Արեւմուտքի շահերին, Հայաստանի՝ Ռուսաստանից եւ Իրանից ունեցած կախվածության նվազմանը, ինչին երկար տարիներ չէր կարողանում հասնել ԱՄՆ-ը՝ չնայած այդ երկրին հսկայական օգնություն տրամադրելով:
Այդ մասին հայտարարել է ճանաչված փորձագետ, Վաշինգտոնում Հադսոնի ինստիտուտի ղեկավար Զոյնո Բարանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կինը «Թուրան» գործակալությանը տված հացազրույցում:
«Հայ-թուրքական սահմանի նախանշված բացումը կմոտեցնի Հայաստանին Արեւմուտքին, թույլ կտա այլընտրանքային գործընկեր ունենալ՝ Ռուսաստանի եւ Իրանի փոխարեն: Դա թույլ կտա հայերին եւ թուրքերին միասին դիմել սեփական անցյալին եւ փորձել բարելավել համատեղ ապագան»,- հայտարարել է Բարանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի շահերը հաշվի են առնվում եւ առնվելու են պաշտոնական Անկարայի կողմից՝ Կովկասյան տարածաշրջանի, այդ թվում նաեւ հայ-թուրքական մերձեցման բոլոր հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու ժամանակ:
Նա պնդել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կապահովի բոլոր կողմերի զգուշությունը, կօգնի բարձրացնել Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
«Ես գիտակցում եմ Ադրբեջանի անհանգստությունը, ինչը հասկանալի է նաեւ շատերի համար Թուրքիայում: Սակայն չեմ հավատում, որ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որեւէ քայլ կանի: Դա ոչ միայն ռազմավարական հարաբերություների եւ Թուրքիայի տարածքով Ադրբեջանի էնեգառեսուրսների աճող տարանցման պատճառով, այլեւ երկու ժողովուրդների կապվածության»,- նշել է ամերիկացի համանախագահի կինը:
Դրա հետ մեկտեղ, նա գրեթե բաց տեքստով հայտարարել է, թե առաջիկա ամիսներին պետք է սպասել ճեղքման ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցություններից հետո կողմերը խոսում են մինչեւ տարեվերջ սահմանների բացման մասին: Դա արագացում կհաղորդի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելով:
Ներկայիս համաձայությունը կարող է վկայել կողմերի՝ հակամարտությունը լուծելու ցանկության մասին: Առաջիկա մի քանի ամիսներին բոլոր երեք կառավարությունները (Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի) ձգտելու են լուծել այդ շատ դժվար եւ կարեւոր հարցերի փաթեթը: Դա թույլ կտա տարածաշրջանին այլեւս չդառնալ փոխադարձ մեղադրանքների եւ սպառնալիքների թատերաբեմ»,- հայտարարել է Զեյնո Բարանը:




























