Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի եւ Աբխազիայի հարաբերությունների խորացմանը կողմ են հանդես գալիս։

Ինչպես հայտնել է «Հայ-աբխազական հարաբերությունների զարգացման հեռանկարները» հեռուստակամուրջի ընթացքում Լեւոն Դաշչյանը, ով մարտին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր է դարձել, հանրապետությունում 32 հայկական դպրոց  է գործում։

«Գրեթե ոչ մի այլ երկրում հայկական դպրոցների նման թիվ չկա, բնականաբար՝ Հայաստանից հետո։ Մենք երախտապարտ ենք Աբխազիայի իշխանություններին, այդ թվում՝ նաեւ դպրոցների վերանորոգումը կազմակերպելու հարցում։ Հայաստանն օգնում է դպրոցներին, եւ մենք ցանկանում ենք էլ ավելի խորացնել հարաբերությունները»,- ասել է Լեւոն Դաշչյանը՝ հայտարարելով, որ տեղի աբխազները հայ ժողովրդի հետ շատ լավ հարաբերությունների մեջ են։

Աբխազիայի գյուղնախարարի նախկին տեղակալ Աշոտ Մինասյանը, ով եւս պատգամավոր է դարձել, նշել է, որ երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հայ համայնքին։ Մինասյանը նաեւ ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դառնա Աբխազիան ճանաչած երկրներից մեկը։

Շնորհավորելով հայ ժողովրդին՝ նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առթիվ՝ պատգամավոր Լեւոն Գալուստյանը (եւս Աբխազիայի խորհրդարանի 5-րդ գումարման պատգամավոր) խոսել է մարտին Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունների մասին։ «Հայկական» 3 շրջաններում 8 պատգամավոր է գրանցվել եւ եւս մեկը՝ Սուխումիում։ Դեռեւս հայտնի չէ՝ երբ տեղի կունենա Աբխազիայի խորհրդարանի 6-րդ գումարման  առաջին նիստը, սակայն  օրենքի համաձայն՝ ապրիլի 12-ից ոչ ուշ։

«Աբխազիայի հայերն ինտեգրված են աբխազական հասարակությունում։ Մենք միասին ենք կառուցում անկախ, ինքնիշխան պետություն», - հայտարարել է Գալուստյանը։