Վերջին շրջանում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ԵՏՄ 6 անգամ աճել է: «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: 

«Հայաստանում ագրարային հատվածը լավ հեռանկարներ ունը՝ ըստ արտադրության եւ Եվրասիական տնտեսական շուկայում արտադրանքի իրացման, որոնց թվում են՝ միսը, կաթը, պանիրը, աղը, կարագը…Մենք ավանդաբար ուժեղ ենք մեր կոնյակի առաջմղման հարցում: Հիմա լավ է զարգանում գինու, գարեջրի, հյութերի արտադրությունը, գյուղարտադրանքի վերամշակումը»,- ասել է վարչապետը:

Կարապետյանը նշել է, որ որակյալ արտադրանք ներկայացնելու համար Հայաստանը սկսել է ակտիվորեն ներդնել պարենամթերքի հետազոտման եւ անվտանգության վերահսկման այն մեթոդները, որոնք ընդունված են Եվրասիական տնտեսական միության տարածքում:

«Այս աշխատանքը շարունակվում է, ԵՏՄ երկրների գործընկերների հետ պարբերաբար տեսահամաժողովներ, աշխատանքային հանդիպումներ ենք անցկացնում: Հիմա աշխատում ենք նաեւ մեր վերլուծական բազայի ամրապնդման եւ լաբորատոր սարքավորումների ուժեղացման ուղղությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հավանության արժանացան միասնական շուկայում դեղերի շրջանառության կարգավորման իրավական նորմերը, որոնց համաձայն՝ 2017-ի հունվարի 1-ից ԵՏՄ տարածքում գործում է դեղերի միասնական շուկան»,- նշել է նա:

Վարչապետը հայտնել է, որ 2016-ի տվյալներով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 6 տոկոսով. «Ռուս-հայկական համագործակցությունն ուղղված է առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներին, նաեւ համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը: Հայաստանը նաեւ առաջարկելու բան ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ ոսկերչության հատվածում»: