Ապրիլի 3-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշել է.
«Նախորդ 25 տարիները դարձան երկկողմ միջպետական կապերի հետեւողական զարգացման ժամանակաշրջան՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ընկած են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիմքում:
Հայաստան-Ռուսաստան դաշնակցային ռազմավարական հարաբերությունները հենվում են ամուր իրավապայմանագրային դաշտի վրա, առանձնանում են ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, բազմակողմ միջազգային, տարածաշրջանային հարթակներում կառուցողական փոխգործակցությամբ, անվտանգության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը նշում է, որ ակտիվ կապեր կան երկու պետությունների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջեւ: Ընդլայնվում է առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, հանքարդյունաբերության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը, իրականացվում են կարեւոր ներդրումային ծրագրեր, տարեց տարի թափ են հավաքում միջտարածաշրջանային կապերը, հետեւողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար եւ այլ ոլորտներում:
Հայաստանը բարձր է գնահատում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:
Իր ուղերձում Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի հետ բարեկամության հարաբերությունների ամրապնդման գործում ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի նշանակալի ներդրումը:
Նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ հետագայում եւս բոլոր մակարդակներով համատեղ ջանքերը ուղղված կլինեն երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետեւողական զարգացմանը:
Սերգեյ Լավրովն իր ուղերձում ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր պետությունների միջեւ բազմաշերտ կապերը անշեղորեն զարգացել են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հիման վրա, եւ համատեղ ջանքերով դրանք բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի:
«Ստեղծված է ամուր իրավապայմանագրային դաշտ, իրականացվում են հսկայածավալ ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը: Ռուսաստանը եւ Հայաստանը հանդիսանում են եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ, զգալի ներդրում են ունենում ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:
Գոհունակությամբ փաստում եմ միջազգային օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ Մոսկվայի եւ Երեւանի դիրքորոշումների համընկնումը կամ մոտ լինելը, ինչը, ըստ Սերգեյ Լավրովի, հստակ արտացոլեցին նախարար Նալբանդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքները:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ, պահպանվում է ակտիվ երկխոսություն, որը թույլ է տալիս, ոչ միայն համադրել դիրքորոշումները, այլ նաեւ արդյունավետ համատեղել մեր ջանքերը գլոբալ եւ տարածաշրջանային հարթակների, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀԿ շրջանակներում:
Նախորդ քառորդ դարի ընթացքում համատեղ գրանցած հաջողությունները ռուս-հայկական հարաբերությունների ներուժի հետագա բացահայտման գրավականն են՝ ապահովելու մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերը, պահպանելու Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը»,- շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարը:




























