Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի հուշագիր են ստգորագրել Մոլդովայի եւ ԵՏՄ-ի համագործակցության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Քիշնեւում սկսված «Եվրասիական տնտեսական միություն-Մոլդովա» միջազգային համաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել էր, որ հուշագրի ստորագրումը եւ ԵՏՄ շրջանակում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու դիմումը աննպատակահարմար են, քանի որ դա «երկրին որեւէ տնտեսական դիվիդենտ չի տա»: Ավելի ուշ Ֆիլիպը նշել էր, որ եթե հուշագիրն, այնուամենայնիվ, ստորագրվի, ապա ինքը եւ խորհրդարանի խոսնակը եւս մեկ անգամ կհայտարարեն, որ «տվյալ փաստաթուղթը իրավաբանական ուժ չունի եւ չի հանգեցնի իրավաբանական արդյունքի»:

Դոդոնն, իր հերթին, պնդում է, որ հուշագիրը չի հակասում Մոլդովայի ստորագրած մյուս համաձայնագրերին, այդ թվում՝ ԵՄ-ին ասոցացվելու համաձայնագրին: Նա կարծում է, որ երկիրը պետք է լավ հարաբերություններ ունենա ինչպես Արեւելքի, այնպես էլ Արեւմուտքի հետ: