Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարի տարածքում, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը՝ մասնակցությամբ Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության ներկայացուցիչների, ռուսաստանյան զբոսաշրջային օպերատորների ու լրատվամիջոցների:

Շնորհանդեսի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը եւ խթանել զբոսաշրջային արդյունքը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների եւ ոգելից խմիչքների համտես։ «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հյուրերի համար բացահայտել է հայկական պարարվեստը: «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիեն» շնորհանդեսին ներկայացել է հայկական տարազների հավաքածուի նմուշներով եւ լուսանկարների ցուցահանդեսով:

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես են եկել զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը եւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Շնորհանդեսը վարել է Գայանե Բրեիովան։

Միջոցառման ընթացքում իրականացվել է խաղարկություն, որի հաղթողը  հնարավորություն կունենա շահելու անվճար ուղեւորություն դեպի Հայաստան։

Շնորհանդեսի աջակիցներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային վարչությունը՝ «Ռոստուրիզմ»-ը: