Հայաստանի մշակույթի նախարարությունը խնդրել է կառավարությանը՝ գումար տրամադրել «Արամ Խաչատրյան» համերգասրահի պարտերի բետոնե հատակը մանրահատակով փոխարինելու համար։ Նմանատիպ աշխատանք 2009 թ. կատարվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչի արդյունքում զգալիորեն բարելավվել է համերգասրահի ակուստիկան։

Աշխատանքների ընդհանուր արժեքը մշակույթի նախարարության կողմից գնահատվել է 18,3 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար), որից 9,1 մլն դրամը (մոտ 25 հազ. դոլար) նրանք խնդրում են կառավարության պահուստային ֆոնդից։ Սակայն ֆինանսների նախարարությունը բավական չոր կերպով բացասական եզրակացություն է տվել սույն առաջարկին։ Մերժման պատճառները չեն նշվել, սակայն, ամենայն հավանականությամբ, պատճառը աշխատանքների նախահաշվի ուռճացված լինելն է։ Օրինակ՝ 200 հազ. դրամ (մոտ 550 դոլար) է նախատեսվել ժամանակավորապես հանված աթոռները ցելոֆոնով ծածկելու համար, իսկ մանրահատակի վրա մաստիկա քսելը գնահատվել է 486 հազ. դրամ (մոտ 1350 դոլար)։ Լաքապատման համար էլ նախատեսվել է 730 հազ. դրամ (մոտ 2 հազ. դոլար)։

Համոզիչ չի թվում նաեւ սույն նախահաշվում ավելացված արժեքի հարկի հաշվարկումը, քանի որ հաշվարկման բազա է համարվել ոչ միայն մատակարարվող նյութերի ու ապրանքների արժեքը, այլեւ՝ մարդկային աշխատուժը։