Երեւանում ընթանում է Միջազգային խորհրդատվական միության (ICA) համաժողովը. Միության նպատակներից մեկը զարգացող երկրների համար որակյալ կոնսալտինգի մատուցումն է:
Երեւանում ընթացող ժողովին մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու` շուրջ 30 երկրից: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ICA-ի հիմնադիր, բելգիական IBF կոնսալտինգային ընկերության տնօրեն Ֆրեդերիկ Անդրեն, միության հավաքը անցկացվում է 4-րդ անգամ: Հայաստանում միության գործընկերն է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը: Միության հիմնական նպատակներից մեկն է մատուցել որակյալ կոնսալտինգ զարգացող երկրների համար: Սա ոչ միայն կօգնի տեղական տնտեսությանը, այլ նաեւ կօգնի մասնակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հայտարարվող մրցույթներին:
«Մենք արդեն իրականացրել ենք մի շարք ծրագրեր «Ամերիայի» հետ եւ նախատեսում ենք շարունակել աշխատանքը», - ասաց նա:
Ինչպես նշեց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ընկերությունը հանդիսանում է ICA-ի խորհրդի անդամ 2013 թվականից եւ, կոնսորցիումների կազմում, արդեն մասնակցել է մի շարք միջազգային ծրագրերին, այդ թվում` Համաշխարհային բանկի մրցույթներին:
«Միջազգային մրցույթներին մասնակցելու համար շատ կարեւոր է ունենալ աշխատանքի հուսալի պատմություն, լավ կադրային բազա, նորագույն տեխնոլոգիաներ: Վերջին երկու բաղադրիչները մենք զարգացնում ենք ICA-ի շնորհիվ: Նրանց տվյալների բազայում կան հազարավոր մասնագետներ, որոնց մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք հրավիրել», - նշեց Ջրբաշյանը:
«Հայաստանում միջազգային կրթություն ու հավատարմագրում ունեցող մասնագետները դեռ շատ չեն, հետեւաբար` զարգանալու տեղ կա: Մեր մասնագետների շնորհիվ մենք կարող ենք մասնակցել Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների մրցույթներին: «Ամերիան» Հայաստանում միակ ընկերությունն է, որը հավատարմագրված է Եվրամիության կողմից եւ կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից հայտրաարվող միջազգային ծրագրերի մրցույթներին: Մեր փորձը մենք պատրաստ ենք կիսել մեր գործընկերների հետ», - նշեց Ջրբաշյանը:
«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում առաջատար խորհրդատվական կազմակերպություններից մեկն է, աշխատում է իրավական, կորպորատիվ կառավարման, պետական բարեփոխումների խորհդատվության եւ այլ ոլորտներում: Վերջին 10 տարում ընկերությունն իրականացրել է շուրջ 240 նախագիծ:

.jpg)
.jpg)
.jpg)




























