Բաքվում պահվող Ռուսաստանի հայկական ծագմամբ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը, դիմել է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովային:

Մարիաննա Միրզոյանը մարտի 31-ին զրուցել է կեղծ մեղադրանքով կալանավորված Մարատ Ուելդանով-Գալուստյանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նա բողոքել է, որ բանտարկությունն այլեւս չի կարող հաղթահարել: Հեռախոսազրույցի մի մասը Մարիաննան համացանցում է հրապարակել:

«Ես հեռախոսազրույցի ձայնագրությունը Facebook-ով ուղարկել եմ Մարիա Զախարովային: Առայժմ պատասխան չեմ ստացել»,- NEWS.am-ին հայտնել է Մարիաննա Միրզոյանը:

Կալանավորվածի քույրը նախկինում արդեն դիմել է Մարդու րիավունքների եվրոպական դատարան:

Ուելդանով-Գալուստյանը ավստրիական Do&Co ընկերության աշխատակիցն է, որը զբաղվում է ուղեւորության ընթացքում սնունդի կազմակերպմամբ, եւ Բաքվում գործուղման մեջ է եղել: 2016 թվականի հունիսի 6-ին ավստրիական Do&co ընկերությունը նրան գործուղել է Բաքու Formula-1-ի ավտոմրցարշավին, որտեղ ժամանելուն պես նա կապ չի հաստատել: Նա մեղադրվում է խոշոր չափերով թմրանյութերի կամ պրեկուրսորների ապօրինի պատրաստման, արտադրման, ձեռքբերման, պահման, տեղափոխման, փոխանցման կամ վաճառման մեջ:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել է այս երկրի յուրահատկությանն ըմբռնումով մոտենալ, որտեղ «հայկական ծագումը չափազանց դժվարացնում է նրա պաշտպանությունը»:

Նշենք, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքն օգտագործվում է քաղաքական բանտարկյալների եւ ռեժիմի համար անցանկալի անձանց նկատմամբ: