Էկվադորի նորընտիր նախագահ, ձախակենտրոն ուժերի թեկնածու Լենին Մորենոն իր մրցակից Գիլյերմո Լասոյին կոչ է արել պատվով ընդունել պարտությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի մշակման արդյունքում Մորենոյի օգտին քվեարկել է 51.14% քաղաքացի, Լասեն 48.86% ձայն է հավաքել: Աջերի թեկնածու Լասոն չի ընդունել ընտրությունների արդյունքները եւ խոստացել է բողոքարկել: Նրա կողմնակիցներն արդեն ցույցեր են անցկացնում 11 նահանգներում:

«Քաղաքականության մեջ, ինչպես նաեւ այլ ոլորտներում, հարկավոր է կարողանալ համեստ հաղթել, իսկ ես թեկնածու Լասոյին խնդրում եմ պատվով պարտվել»,- ասել է Մորենոն: