Անհրաժեշտ է հավաքել հանրապետության ճանապարհների տվյալների բազան եւ հետեւել յուրաքանչյուր կիլոմետրի։ Այս մասին ապրիլի 6-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Հովհաննիսյանին հանձնարարել է երեք շաբաթում ակտիվացնել շինարարական աշխատանքները միջպետական ու հանրապետական ճանապարհներին, ինչպես նաեւ Կառավարությանը ներկայացնել 2017-ի աշխատանքի տվյալները։ Կարապետյանը հանձնարարել է նաեւ մեկ ամսում ուսումնասիրել ճանապարհների սպասարկման հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաեւ դրա ֆինանսական աղբյուրների վերաբերյալ հիմքեր տրամադրել։



























