Հայաստանի հասարակությունը քաղաքական ուժերին հետընտրական հանրահավաքների մանդատ չի տալիս։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական ընտրությունները։
«Քաղաքական գործիչները, բնականաբար, կարող են այդ հանրահավաքները կազմակերպել։ Դրա տեղի չունենալու պատճառն ակնհայտ է՝ քաղաքական ուժերը ենթադրում են, որ մի փոքր լուրջ հանրահավաքներ չն կարողանա կազմակերպել։ Կգա մոտ 5 հազար մարդ։ Դա նոր բան է հայ քաղաքական մշակույթում», - նշել է քաղաքագետը։
Խոսելով ըստ ընտրությունների ուժերի տեղաբաշխման մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ իր համար քվերակության արդյունքներն անսպասելի չէին։ «Ես մոտավորապես նման տարբերակ պատկերացնում էի եւ խոսել եմ այդ մասին», - հիշեցրել է նա։ Իսկանդարյանը նշել է, որ նախապես ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն կհավաքի ամենաշատ ձայներն ու 40 տոկոսից ավելի։ Պարզ էր, որ ձայների բավականին լուրջ քանակություն կհավաքի «Ծառուկյան» դաշինքը եւ կդառնա 2-րդ ուժը, սակայն չի հավաքի այնքան, որքան ՀՀԿ-ն։ Քարոզարշավի առաջին շաբաթներից հետո պարզ պարզ դարձավ, որ «Ելք» դաշինքը վատ չի աշխատում եւ որոշակի ընտրազանգված կհավաքի։ Պարզ էր նաեւ, ՀՅԴ-ն 5 տոկոսը հաղթահարելու հնարավորություն ունի։ քաղաքագետը կանխատեսել է նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը
«Դասերը, որոնք ես քաղեցի, այն է, որ ստամոքսով քվեարկելու թրենդը հաղթում է սրտով քվեարկելուն եւ ավելի ու ավելի ծավալվում։ Այն նոր չէ եւ սկսվել է բավականին վաղուց։ Ընտրողներ ներգրավելու ոչ գաղափարական միջոցները հաղթում են գաղափարականին», - նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ոչ գաղափարականների շարքում նա նշել է վարչական ռեսուրսը, մարդկանց ընտրատեղամասեր բերելու տարբեր ձեւերը։




























