Վրաստան տանող նոր ճանապարհը կծառայի այնքան, որքան նախատեսված է՝ 12 տարի: Ապրիլի 6-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա հավաստիացմամբ՝ ինչպես սահմանված է ասֆալտե ծածկույթով ճանապարհների համար, այն առանց կապիտալ վերանորոգման կծառայի 12 տարի՝ 7-րդ կամ 8-րդ տարում ընթացիկ վերանորոգմամբ:
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղին վերանորոգվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկերով (51 մլն-ական եվրո): Այս՝ 90 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը ծրագրված է ե՛ւ վերանորոգել (ներառյալ թունելները), ե՛ւ տեղ-տեղ ընդլայնել՝ 2 ուղեգոտուց մինչեւ 3, ուղեբաժանքի համար:



























