Ավտոմեքենան կայանելու համար դիտողության արժանանալու համար հարեւանին դանակահարելու համար գյումրեցի ատամնատեխնիկ Արամը դատապարտվել է 5 ամիս 26 օրվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամն ավտոմեքենան կայանելու համար նույն շենքի բնակիչ` Վ.Սերոբյանի կողմից դիտողության արժանանալուց հետո 2016թ. հունվարի 16-ին ժամը 09:00-ի սահմաններում նշված շենքի բակում իր հղի կնոջ ներկայությամբ վիճաբանլ է Վ.Սերոբյանի հետ: Վիճաբանության ժամանակ իրեն հարվածելու, գետնին գցելու եւ կնոջ ներկայությամբ այդ կերպ նվաստացնելու հետեւանքով հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Արամը վերցրել է ավտոմեքենայի դռան դարակից ծալովի դանակը եւ հարվածել Վ.Սերոբյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս:

Դատարանում արդեն Արամն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել արագացված դատական քննություն անցկացնել: Տուժող կողմը եւս չի առարկել միջնորդությանը՝ նշելով, որ ինքը որեւէ բողոք չունի, հաշտվել է Արամի հետ:

Դատարանն ատամնատեխնիկին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 5 ամիս 26 օր ժամկետով: Հաշվի առնելով, որ Արամ այդքան օր եղել է կալանքի տակ, դատարանը որոշել է ազատել նրան նշանակված պատժից: