Երեւանի քաղաքապետարանը, Մայրության եւ գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների եւ այդ օրը Երեւանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց եւ աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով:
Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաեւ մայրաքաղաքի փողոցներում, Երեւանի մետրոպոլիտենում: Կանայք եւ աղջիկները ժամը 12:00-19:00-ն կարող են այցելել նաեւ Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը:
Ժամը 18:00-20:00-ը Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում կկազմակերպվի համերգային ծրագիր:
Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով:
Ապրիլի 7-ին եւ կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00 կանցկացվի գալա համերգ:
Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ անակնկալեր են սպասվում նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:




























